Պեսկովը հերքել է լուրերը, թե ՌԴ-ն ԱՄՆ-ին առաջարկել է հետախուզական տվյալներ չփոխանակել Իրանի հետ

Պեսկովը հերքել է լուրերը, թե ՌԴ-ն ԱՄՆ-ին առաջարկել է հետախուզական տվյալներ չփոխանակել Իրանի հետ

Կրեմլում կեղծիք են որակել հրապարակումներն այն մասին, թե, իբր, Ռուսաստանն ԱՄՆ-ին առաջարկել է հետախուզական տվյալներ չփոխանակել Իրանի հետ, եթե Միացյալ Նահանգները դադարեցնի նման տեղեկատվություն փոխանակել Ուկրաինայի հետ։

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:«Մենք, անշուշտ, տեսել ենք այդ հրապարակումը: Այն պատկանում է ոչ ճշմարիտների դասին, ավելի ճիշտ՝ ստերի», – հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին։

Ավելի վաղ POLITICO հրատարակությունը, հղում անելով աղբյուրների, գրել էր, թե Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը Մայամիում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպման ժամանակ հնչեցրել է հետևյալ առաջարկությունը, թե Ռուսաստանը կդադարեցնի Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկացի զինվորականների մասին հետախուզական տվյալների տրամադրումը, որի դիմաց Վաշինգտոնը կդադարեցնի Կիևին Ռուսաստանի հետ կապված հետախուզական տվյալների տրամադրումը։

Լրատվամիջոցի համաձայն՝ ԱՄՆ-ն մերժել է այս առաջարկը։Մարտի 20-ին Դմիտրիևը, X սոցիալական ցանցում մեկնաբանելով POLITICO-ի հոդվածը, գրել էր՝ «Կեղծ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում