Երկրպագուներն իրենց թիմերի կողքին են և՛ ուրախության, և՛ տխրության պահերին, սակայն երբեմն նրանք անցնում են սահմաններն, ու դա ուղիղ անդրադարձ է ունենում ակումբի հեղինակության վրա: Ներկայացնում ենք երկրպագուական այնպիսի շարժումներ, արարքներ որոնք առավել հետևանքային են եղել:
«Զենիթ»
Այս ակումբի երկրպագուներն ամբողջ աշխարհին մի մանիֆեստ ցույց տվեցին, որտեղ ընդգրկված էին այն ֆուտբոլիստների անունները, որոնց ակումբը պետք է ձեռք բերի և նրանցը, ում երկրպագուները չեն ցանկանում տեսնել թիմի կազմում: Ավելի ուշ կազմակերպիչները հայտարարեցին, որ իրենց հրապարակումը մասամբ է ներկայացվել և ճիշտ չի ընկալվել, սակայն արդեն ուշ էր: Արդյունքում` Եվրոպայում առանց այն էլ ոչ բարի համբավ ունեցող «Զենիթի» երկրպագուներին սկսեցին ընկալել նաև որպես ռասիստներ:
«Բարսելոնա»
«Բարսելոնայի»` «Nois Boixos» երկրպագուական շարժման ներկայացուցիչները 10 տարի առաջ «Կամպ Նոու» մարզադաշտում խոզի գլուխ նետեցին խոտածածկին: Ժեստն ուղղված էր կատալոնական ակումբից «Ռեալ» տեղափոխված Ֆիգուին: Իսպանիայում «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև հանդիպումները միշտ են անցել լարված պայքարում, սակայն խոզի գլխից հետո հակամարտությունն այլ երանգ ստացավ:
«Սպարտակ»
«Սպարտակի» երկրպագուներից չես խլի ստեղծագործող միտքն ու սրամտությունը: Խաղերից առաջ նրանց պատրաստած բաներները ցնցում են անգամ Եվրոպային, սակայն երբեմն այդ բաներները քրեական պատասխանատվության առաջ կանգնելու առիթ են դառնում: Օրինակ` «Տարեդարձդ շնորհավոր, 120 պապիկ» բաները, որտեղ 0-ի փոխարեն ֆաշիզմի հայտնի նշանն էր պատկերված: Կարդալ իմացող ցանկացած մարդ, բաները տեսնելով կհասկանար, որ դա ուղղված էր Ադոլֆ Հիտլերին: Բաները ներկայացնելուց օրեր առաջ վերջինիս ծննդյան 120-ամյակն էր:
«Չելսի»
Անգլիական ֆուտբոլում վերջին տարիներին խաղաղություն է տիրում, սակայն երկրպագուների բանդաները 5 տարի առաջ Սքոթլենդ-յարդի գլխացավանքն էին: «Չելսիի» երկրպագուներն էլ այդ խմբի ամենաակտիվ անդամներից էին: «Չելսիի» երկրպագուական խմբավորումներից մեկը «Գլուխների որսորդներ» անունն ուներ: Խաղից առաջ և հետո խմբավորման անդամներից գոնե մի քանիսը ծեծկռտուքների կիզակետում էին հայտնվում:
«Մանչեսթեր Յունայթեդ»
Նույնը կարելի է նաև «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների մասին ասել: Իրենց թիմին միշտ աջակցող այս երկրպագուներին «Daily Mail»-ը «Չելսիի» և «Լիդսի» երկրպագուների հետ դասել է Անգլիայի վատագույն երկրպագուների շարքում: Թեև «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները հիմա համեմատաբար հանգիստ են, սակայն ոչ վաղ անցյալում նրանցից շատերն իրենց «Եվրոտուր» ֆիլմի հերոսների պես էին պահում:
«Լիդս»
2008-ին «Daily Mail»-ը «Լիդսի» երկրպագուներին համարեց վատագույնն ամբողջ Մեծ Բրիտանիայում: 70-ականներից սկսած` բացի այս ակումբից` որևէ այլ ակումբի անուն այդքան հաճախ չնշվեց քրեական գործերում: Երկրպագուների մասսայական դաշտ ներխուժելը, հակառակորդ թիմի երկրպագուների հետ անընդհատ բախումները, տրիբունաներում անպատշաճ պահվածքն անշուշտ ոչ դրական ազդեցություն էին ունենում ակումբի հեղինակություն վրա:
«Նապոլի»
Իտալական ակումբներն իրենց երկրպագուների հետ հաճախ են խնդիրներ ունենում: «Նապոլին» բացառություն չէ: 2010-ին թիմը պետք է ընդուներ «Լիվերպուլին», իսկ երկրպագուների բանակը ձեռքերը ծալած չէր նստել: «Նապոլիի» երկրպագուները հանդիպմանն ատրճանակներով էին գնացել: Բարեբախտաբար, հնարավոր եղավ ողբերգությունից խուսափել, քանի որ ոստիկանները նախապես տեղեկացել էին ծրագրած գործողությունների մասին: Արդյունքում երեք մարդ կալանավորվեց, եվրոպական մամուլում մեծ աղմուկ բարձրացրացավ, իսկ ակումբը խնդիրների մեջ հայտնվեց:
Զագրեբի «Դինամո»
«Դինամոյի» երկրպագուները ևս նվեր չեն: Ֆրանսիացի ոստիկանները մեծ դժվարությամբ կարողացան լռեցնել երկրպագուների ամենաակտիվ խմբերից մեկի` «Bad Blue Boys»-ի անդամներին, ովքեր «Պարի Սեն Ժերմենի» հետ խաղից մեկ օր առաջ հարձակվել էին փարիզյան ակումբի երկրպագուների վրա: Արդյունքում մի քանի վիրավոր, մի քանի ձերբակալված երկրպագու…Փարիզի քաղաքային իշխանությունը հայտարարեց, որ չի կարողանում վերահսկել երկրպագուներին ու խաղից առաջ հյուրերին արգելեց մտնել մարզադաշտ: Ֆրանսիացի ոստիկանները մարզադաշտ եկածների տոմսերից բացի նաև անձնագրերը ստուգեցին:
ԲԿՄԱ
Երկար ժամանակ չի անցել այն օրից, երբ ՈՒԵՖԱ-ն պատժեց ԲԿՄԱ-ին, ու ռուսական թիմը ստիպված Չեմպիոնների լիգայում 3 տնային խաղ առանց երկրպագուների և 2 արտագնա փակ խաղ կանցկացնի: Պատճառը կրկին սիրելի երկրպագուներն են: Միջադեպը տեղի ունեցավ 2014/15 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի` «Ռոմայի» դեմ խաղում: Ամեն ինչ սկսվեց սեպտեմբերի 17-ին, երբ «Ռոման» 5:1 հաշվով հաղթանակ տարավ: 71-րդ րոպեին հյուրերի երկրպագուներն սկսեցին անկարգություններ անել տրիբունաներում և կրակ նետել հաղթող ակումբի երկրպագուների ուղղությամբ:
«Գալաթասարայ»
2012-ի մայիսին «Ֆեներբախչեն» ընդունում էր «Գալաթասարային»: Երկու ակումբներն էլ ներկայացնում են Ստամբուլը, և ինչպես ընդունված է ասել` դաշտի տերեր ու հյուրեր չկան: «Գալաթասարայի» երկրպագուներից շատերին մարզադաշտ չթողեցին անվտանգության նկատառումներով: Խաղը վերջացավ 0:0 հաշվով, ինչը «Գալաթասարայի» համար չեմպիոնական նշանակություն ունեցավ: Հակառակորդ թիմի երկրպագուներ իրարանցում առաջացրին մարզադաշտում, բղավեցին` մրցավարին վիրավորելով: Վերջինս կարմիր քարտեր ցույց տվեց երկու թիմերի ֆուտբոլիստներն էլ: Ոստիկաններն արցունքաբեր գազի միջոցով երկրպագուներին դուրս բերեցին դաշտից, իսկ դրսում երկու ակումբների երկրպագուների բախումը շարունակվեց և ավարտվեց հիվանդանոցային ու ոստիկանական այցերով:
«Միլլուոլլ» և «Վեսթ Հեմ»
Այս հակամարտությունը Եվրոպայում ամենակոպիտներից է: Երկրպագուների առաջին բախումը 1906 թվականին էր, իսկ 1926 թվականը համարվում է այս ակումբների երկրպագուների միջև ատելության հիմքը: Մրցակիցները 80 տարվա ընթացքում 25 հանդիպում են ունեցել, սակայն ընդամենը 11 մրցաշրջան են նույն դիվիզիոնում անցկացրել: Ամենասկանդալային հանդիպումը 2009-ի օգոստոսի 25-ին էր: Լրացուցիչ ժամանակում «Վեսթ Հեմը» հաղթեց 3:1 հաշվով, իսկ խաղը 3 անգամ ընդհատվեց երկրպագուների պատճառով: Նրանք տրիբունաներից իջնում էին դաշտ: Ընդհարումների պատճառով 20 մարդ տուժեց:
«Լացիո»
Եվ վերջապես հերթը «Լացիոյի» երկրպագուներինն է: Այս ակումբի երկրպագուներին չի վախեցնում ո՛չ ոստիկանությունը, ո՛չ մամուլը և ո՛չ էլ տեղական իշխանությունը: Ակումբի նախագահ Կլաուդիո Լոտիտոն անգամ խոստովանել է, որ սեփական երկրպագուներից սպառնալիքներ է ստացել: «Լացիոյի» երկրպագուները միշտ մեծ բաներներ են պատրաստում և ակտիվ մասնակցում են խաղին, սակայն խոշոր միջադեպ դեռ չկա: «Լացիոյի» երկրպագուները հետ գլուխ դնել չես կարող, սակայն այս թիմի յուրաքանչյուր հանդիպում տաժանակիր աշխատանք է անվտանգության համակարգի աշխատակիցների համար: