Որևէ մեկը չի կարող ներկայացնել եկեղեցին առանց եկեղեցու բարձրագույն մարմնի իշխանության․ Արշակ Սրբազան

Որևէ մեկը չի կարող ներկայացնել եկեղեցին առանց եկեղեցու բարձրագույն մարմնի իշխանության․ Արշակ Սրբազան

Հերթական դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում  Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, պատասխանելով հարցին, թե ՔՊ նախընտրական ծրագրով առաջարկվում է ընտրություններից հետո բավարար քվեներ ունենալու դեպքում Կաթողիկոսի նոր ընտրություն նշանակել, ասել է․ «Դժվարանում եմ մեղմ  գնահատական գտնել, բայց ամենամեղմը  թերևս այն է, որ հակասահմանադրական, հակաօրինական դրույթ է։

Այդ ամենը  բացարձակապես իրենց լիազորությունների տիրույթում չէ, իրենք նման խնդիր լուծելու ռեսուրս չունեն։ Դա բացառապես ներեկեղեցական հարց է և խնդիր։

Սրա մեջ այլ ուղերձ էլ եմ տեսնում. մարդիկ կարծեք թե ուղիղ տեքստով ասում են՝ «նրանք, ովքեր եկեղեցու հետևորդներ են, ովքեր եկեղեցու դավանորդներ են, մեզ մի ընտրեք»։  Որևէ մեկը չի կարող ասել, որ ինքը հայ եկեղեցու հետևորդ է, այդ մասին բարձրաձայնել  ու գնալ,  ընտել  ՔՊ-ին՝ հաշվի առնելով, որ այդ կուսակցության նախընտրական ծրագրում նման դրույթ է նախատեսված։։

Սակայն մխիթարականն այն է, որ 2021 թ. ՔՊ նախընտրական ծրագրում տեղ գտած բոլոր դրույթները մեծամասամբ չեն իրականացվել։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի մարտի 27-ի որոշմանը, որով Արման Սարոյանը (նախկին Գևորգ եպիսկոպոսը) նշանակվել է «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի» անդամ՝ որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ, Սրբազանը ասել է, որ որոշում է ընդունել՝ կարգալույծ Արման Սարոյանին մասին չխոսել, ապա հավելել․ «Ավելի մեծ վնաս, որ ինքը տվեց իրեն, ոչ մի թշնամի չէր կարող տալ իրեն։ Այդ մարդուն, որը հեռացված է եկեղեցուց, ընդգրկել եկեղեցական ծառայության մեջ, նույնն է, որ շարքային ՔՊ-ականին նշանակես հոգևոր ծառայության։ Սա հերթական ցեխոտ, կեղտոտ ոտքերով միջամտությունն է եկեղեցական գործերին։

Որևէ մեկը չի կարող ներկայացնել եկեղեցին առանց եկեղեցու վերադաս, բարձրագույն մարմնի իշխանության կամ ընդունված կանոնակարգերի։

Դա ակնհայտ ապօրինություն է, ոտնձգություն է։ Այս գործողությունները խորը կասկածներ են առաջացնում Հայաստանի՝ իրավական պետություն լինելու բնույթի,  առաջնահերթության վերաբերյալ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում