Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է միջուկային հարցի շուրջ փոխզիջման գնալու պատրաստակամության մասին․ Էսմայիլ Բաղայի
Կարդացեք նաև
Իրանը հնարավոր է համարում Միացյալ Նահանգների հետ ուրանի հարստացման պարամետրերի քննարկումը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Մենք միշտ ասել ենք, որ այն հարցերը, որոն կապված են հարստացման մակարդակի և տեսակի հետ, կարող են քննարկվել», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ՝ հավելելով, որ ուրանի հարստացումը պետք է բավարարի երկրի կարիքները։
Դրա հետ մեկտեղ Բաղային ընդգծել է՝ Իրանը պնդում է, որ իրավունք ունի օգտագործել միջուկային էներգիան։ Խոսնակը նաև հրաժարվել է հաստատել ուրանի հարստացումը դադարեցնելու հնարավոր ժամկետների մասին լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկատվությունը։
«Սա իրավունք է, որը նախատեսված է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով, որի անդամ է Իրանը», – հավելել է Բաղային՝ խոսելով խաղաղ ատոմի հնարավոր օգտագործման մասին։
Ավելի վաղ Axios-ի և New York Post-ի աղբյուրները հայտնել էին, որ Պակիստանում ապրիլի 11-12-ին կայացած բանակցությունների ժամանակ ԱՄՆ բանակցողներն Իրանին խնդրել են առնվազն 20 տարով դադարեցնել ուրանի հարստացման ծրագիրը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում