Ի՞նչ նպատակով են Երևանում մի շարք տարածքներ ճանաչվելու հանրության գերակա շահ. նախագիծ. «Փաստ»

Ի՞նչ նպատակով են Երևանում մի շարք տարածքներ ճանաչվելու հանրության գերակա շահ. նախագիծ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Նորագյուղ թաղամասի, Իսակով և Մոնթե Մելքոնյան պողոտաների տրանսպորտային հանգույցով, «Պասկևիչի բլուր» աշխարհագրական անվանումով տարածքով և Պասկևիչի բլուրից դեպի հարավ՝ Հրազդան գետի կիրճով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» նախագիծը։

Նշվում է, որ Երևանի կենտրոնական մասը սպառել է մայրաքաղաքային գործառույթների իրականացման համար նախատեսված գրեթե բոլոր անհրաժեշտ տարածքային ռեզերվները: Նորագյուղ թաղամասի զարգացման քաղաքաշինական ծրագիրը կնպաստի տարածքների արդյունավետ կառավարման ու արդիական էկոհամակարգի ձևավորման միջոցով մայրաքաղաքի տարածական կենսունակության պոտենցիալի աճին, կենտրոնական հատվածի ֆունկցիոնալ ապակենտրոնացմանը և տրանսպորտային հոսքերի բեռնաթափմանը: Արդեն իսկ կառուցված Մոնթե Մելքոնյան փողոցի շարունակությունը՝ Ծովակալ Իսակով պողոտա-Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածի կառուցումը առավել կբարձրացնեն տարածքի քաղաքաշինական նշանակությունը:

Քաղաքի 1971 թվականի գլխավոր հատակագծի և կենտրոնի 1982 թվականի մանրամասն հատակագծման նախագծի համաձայն՝ Հրազդան գետի կիրճը դիտարկվել է որպես համաքաղաքային հանգստի գոտի, իսկ համալիրի դիտարկվող տարածքը՝ Երևանյան գոտու զբոսաշրջության գլխավոր կենտրոն՝ վերակառուցվող պատմական տարածքների ընդգրկմամբ: «Պասկևիչի բլուրը» ժամանակին նախատեսվել էր ռուս-հայկական հուշահամալիրի կառուցման համար, որը պետք է ընդգրկվեր դեպի կենտրոն տանող հետիոտն գոտու, զբոսայգիների և հրապարակների կառուցվածքի մեջ և «հարավարևմուտք-կենտրոն» առանցքի քաղաքաշինական դոմինանտ էր, ինչը նախանշված էր դեռ թամանյանական գլխավոր հատակագծում: Ներկայում տարածքի զգալի մասը հիմնականում օգտագործվում է գյուղատնտեսական, մասնավորապես՝ այգեգործության նպատակներով, մնացած մասը զբաղեցնում են անհատական բնակելի տները (մի մասը ապօրինի և/կամ ինքնակամ), դրանց տնամերձ հողամասերը և փողոցները:

Կախված իրացման ծավալներից` ծրագիրը կարող է իրականացվել փուլային կամ ամբողջությամբ: Նախագծով նախատեսվող հիմնական հատակագծային և գործառական լուծումներն են՝ Երևան-Դաունթաուն՝ միջազգային գործարար բազմաֆունկցիոնալ կենտրոնի ստեղծում (բանկեր, օֆիսային կառույցներ, հյուրանոցներ և այլն), միջազգային մշակութային կենտրոնի ստեղծում, միջազգային ներկայացուցչությունների և կազմակերպությունների գրասենյակային տարածքների կազմակերպում, համաքաղաքային նշանակության հանգստի գոտի՝ կանաչ տարածքների և բնական լանդշաֆտի պահպանմամբ, ընդլայնմամբ և լրացուցիչ ջրային մակերեսների ստեղծմամբ, բնակելի տներ, դպրոցներ, մանկապարտեզներ, մարզահրապարակներ, մարզադահլիճներ և սոցիալական այլ ենթակառուցվածքներ, առանձին բնակելի թաղամասեր՝ դիվանագետների համար:

Մշակվել է Նորագյուղ թաղամասի զարգացման քաղաքաշինական ծրագիրը, որի իրականացման համար անհրաժեշտ է տարածքի նկատմամբ ճանաչել գերակա հանրային շահ: Նշված քաղաքաշինական ծրագիրն իրականացնելու առաջարկ են ներկայացրել «ԴԻԹԻ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» և «ԴԻԹԻ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերությունները, որոնց հետ կնքված պայմանագրի համաձայն վերջիններս են օտարման գոտում գտնվող սեփականության և այլ գույքային իրավունքներով ծանրաբեռնված գույքի ձեռքբերող և ծրագրի օպերատոր։ Սա նշանակում է, որ նրանք կազմակերպելու և իրականացնելու են ներդրողների ներգրավումը և լոտերի օտարումը վերջիններիս՝ քաղաքաշինական ծրագրի համապատասխան հատվածի իրականացման նպատակով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում