Ալիևը ՄԱԿ-ի քողի տակ շարունակում է «Արևելյան Զանգեզուրի» յուրացման օրակարգը

Ալիևը ՄԱԿ-ի քողի տակ շարունակում է «Արևելյան Զանգեզուրի» յուրացման օրակարգը

Բաքվի բռնապետական ռեժիմը հերթական քայլն է անում օկուպացված ու հայաթափված տարածքներում սեփական քաղաքականությունն միջազգայնորեն «լվանալու» ու լեգիտիմացնելու ուղղությամբ։ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել, որով հաստատվել է Ադրբեջանի կառավարության և ՄԱԿ-ի Բնակավայրերի ծրագրի (UN-Habitat) միջև դեռևս հուլիսի 15-ին Նյու Յորքում կնքված վճարման համաձայնագիրը։

Ինչպես հաղորդում է Day.Az-ը, ծրագիրը կրում է «Դեպի խելացի, կայուն և ներառական բնակավայրեր Ադրբեջանի Հանրապետության Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանում» ճոռոմ անվանումը և ենթադրում է տարածքային ինտեգրված պլանավորում ու քաղաքաշինություն։ Ալիևի որոշմամբ՝ ծրագրի իրականացումը դրվել է Ադրբեջանի Քաղաքաշինության և ճարտարապետության պետական կոմիտեի վրա։

Սակայն այս փայլուն ձևակերպումների հետևում թաքնված է դաժան իրականությունը։ Այսպես կոչված «Արևելյան Զանգեզուրը», ընդամենը տարիներ առաջ էթնիկ զտումների են ենթարկվել, իսկ տեղի հազարավոր հայ բնակիչները զրկվել են իրենց հայրենիքից։

Միջազգային կառույցները, մասնավորապես ՄԱԿ-ի կառույցները, «խելացի քաղաքների» ու «կայուն զարգացման» կեղծ օրակարգերով փաստացի լծվում են Ալիևի քարոզչամեքենայի լծակներին։ Փոխանակ արձանագրելու հայկական պատմամշակութային ժառանգության պլանավորված ոչնչացումը և արցախահայության՝ իրենց տները վերադառնալու հիմնարար իրավունքը, ՄԱԿ-ի կառույցները նախընտրում են ֆինանսական համաձայնագրեր կնքել Բաքվի հետ։

Ակնհայտ է, որ Բաքուն օգտագործում է միջազգային կազմակերպությունների անունը՝ ստեղծելով քաղաքակիրթ ներկայության պատրանք այն հողերում, որտեղ ոտնահարվել են մարդկային բոլոր իրավունքները։ Սա ոչ այլ ինչ է, քան հանցավոր լռության և միջազգային կառույցների կողմից Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության անուղղակի հովանավորչություն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում