Վաշինգտոնի միջնորդությունը. Գերիների հարցը որպես Բաքվի և Արևմուտքի միջև մեծ առևտրի առանցք․ Natnews.am

Վաշինգտոնի միջնորդությունը. Գերիների հարցը որպես Բաքվի և Արևմուտքի միջև մեծ առևտրի առանցք․ Natnews.am

Ամերիկյան հեղինակավոր Atlantic Council վերլուծական կենտրոնը հանդես է եկել Թրամփի վարչակազմին ուղղված ուշագրավ առաջարկով։ Խոսքը մի նոր ռազմավարական համաձայնության մասին է, որը հեղինակները կնքել են «Մեծ գործարք» անվամբ։ Սա, ըստ էության, բացահայտ առևտուր է Վաշինգտոնի և Բաքվի միջև, որտեղ հիմնական խաղաքարտերից մեկը հայ գերիների և Ադրբեջանում պահվող այլ անձանց ազատ արձակումն է։

Գործարքի առանցքում դրված է ԱՄՆ Կոնգրեսի կողմից դեռևս 1992 թվականին ընդունված «Ազատության աջակցության ակտի» հայտնի 907-րդ ուղղման (Section 907) վերջնական չեղարկումը։ Այս դրույթն արգելում է ԱՄՆ-ի ուղղակի օգնությունն ու սպառազինության մատակարարումը Բաքվին։ Չնայած 2001-ից սկսած ԱՄՆ նախագահները պարբերաբար կասեցրել են այս սահմանափակումը, Բաքուն այն ընկալում է որպես քաղաքական լուրջ խոչընդոտ և պահանջում է դրա վերջնական վերացումը։

Atlantic Council-ի փորձագետներն առաջարկում են Սպիտակ տանը գնալ այդ քայլին, եթե Ադրբեջանը համաձայնի ազատ արձակել մի խումբ անձանց, որոնց հոդվածում անվանում են «անարդարացիորեն ձերբակալվածներ»։ Ցանկում ներառված են հակակոռուպցիոն ակտիվիստ Գուբադ Իբադօղլուն, արևմտյան լրատվամիջոցների հետ համագործակցող լրագրողներ և հայ գերիների մի մասը։ Հեղինակների կարծիքով՝ սա Վաշինգտոնին թույլ կտա արձանագրել արագ արտաքին քաղաքական հաղթանակ և բարելավել հարաբերությունները Բաքվի հետ։

Հատկանշական է, որ հոդվածում առանձնակի շեշտվում է Հայաստանում սպասվող ներքաղաքական զարգացումների գործոնը։ Վերլուծաբանները հունիսի 7-ին նշանակված խորհրդարանական ընտրությունները համարում են առանցքային պահ։ Նրանց կարծիքով՝ հայ գերիների ազատ արձակումը մինչև ընտրությունները կարող է զգալիորեն ամրապնդել Նիկոլ Փաշինյանի դիրքերը և թուլացնել ընդդիմության քննադատությունը, որը դեմ է խաղաղության գործընթացի ներկայիս տրամաբանությանը։

Այս ամենի հետ մեկտեղ, հոդվածի հեղինակներն ընդունում են, որ 907-րդ ուղղման չեղարկումը խիստ զգայուն թեմա է։ Փաստացի, սա Բաքվի վրա ճնշում գործադրելու վերջին իրական լծակներից մեկն է։ Սակայն Atlantic Council-ը գտնում է, որ ներկայիս տարածաշրջանային դինամիկան՝ սահմանազատման գործընթացն ու Երևան-Բաքու երկխոսությունը, ստեղծել են «հնարավորությունների պատուհան», որից Վաշինգտոնը պետք է օգտվի սեփական ազդեցությունն ամրապնդելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում