G7-ի ֆինանսների նախարարները քննարկել են Իրանի պատերազմի տնտեսական հետևանքները․ NYT
Կարդացեք նաև
Փարիզում կայացած «Մեծ յոթնյակի» (G7) ֆինանսների նախարարների հանդիպման գլխավոր թեման դարձել է Մերձավոր Արևելքում պատերազմի աճող տնտեսական ազդեցությունը։ Այդ մասին գրում է The New York Times-ը։
Հորմուզի նեղուցի երկարատև շրջափակման ֆոնին Brent տեսակի նավթի գինը բարձրացել է մինչև 110,63 դոլար մեկ բարելի դիմաց, իսկ ԱՄՆ-ում գնաճը հասել է 3,8 տոկոսի։
Capital Economics-ի վերլուծաբանները զգուշացնում են, որ եթե Հորմուզի նեղուցը փակ մնա մինչև տարեվերջ, իսկ նավթի գինը բարձրանա մինչև 150 դոլար մեկ բարելի դիմաց, ապա Մեծ Բրիտանիայում և եվրոգոտում գնաճը կարող է մոտենալ 10 տոկոսի։ Նրանց գնահատմամբ՝ դա կստիպի կենտրոնական բանկերին կրկին կտրուկ բարձրացնել տոկոսադրույքները, ինչը կարող է հանգեցնել գլոբալ ռեցեսիայի։
Բանակցություններից առաջ անկում է արձանագրվել նաև համաշխարհային պարտատոմսերի շուկաներում։ ԱՄՆ 30-ամյա պետական պարտատոմսերի եկամտաբերությունը հասել է 5,121 տոկոսի, իսկ բրիտանական 30-ամյա պարտատոմսերինը՝ առավելագույն մակարդակի 1998 թվականից ի վեր։ Ճապոնիայի 10-ամյա պետական պարտատոմսերի եկամտաբերությունը նույնպես աճել է՝ հասնելով մոտ 2,71 տոկոսի։
Գերմանիայի ֆինանսների նախարար Լարս Կլինգբայլը իրավիճակը բնութագրել է որպես «լուրջ սպառնալիք համաշխարհային տնտեսության համար»։
Ֆրանսիայի ֆինանսների նախարար Էրիկ Լոմբարը հայտարարել է, որ անհրաժեշտ է ստեղծել «ընդհանուր գործիքակազմ»՝ շուկայական ցնցումները հաղթահարելու համար։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, իր հերթին, դաշնակիցներին կոչ է արել խստացնել Իրանի դեմ պատժամիջոցները՝ նրան ֆինանսավորումից զրկելու նպատակով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում