Խաղաղության խորհուրդը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը չպետք է զենք փոխանցի Իսրայելին
Կարդացեք նաև
Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը և Գազայի հատվածի մյուս խմբավորումները հակամարտության կարգավորման շրջանակներում չպետք է իրենց զենքը հանձնեն Իսրայելի իշխանություններին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է անկլավում կարգավորման ճանապարհային քարտեզում, որը X-ում հրապարակել է Գազայի հատվածում Խաղաղության խորհրդի բարձրագույն ներկայացուցիչ Նիկոլայ Մլադենովը։
«(Զինաթափման) առաջարկը չի նախատեսում անհապաղ կապիտուլյացիա և միակողմանի զինաթափում։ Խոսքը փուլային, պաղեստինցիների կողմից ղեկավարվող, միջազգայնորեն հաստատված գործընթացի մասին է, որն իրականացվում է աստիճանաբար։ Զենքը չի փոխանցվի Իսրայելին։ Պլանում խոսքը պաղեստինցիներին սպառազինությունների փոխանցման մասին է՝ միջազգային վերահսկողության ներքո Գազայի հատվածի կառավարման ազգային կոմիտեի շրջանակներում», – նշել է Մլադենովը։
Զինաթափման գործընթացը պետք է տեղի ունենա անկլավի տարածքից իսրայելական զորքերի աստիճանական դուրսբերմանը զուգահեռ։ Ներկայացված պլանը նաև առանձնացնում է ծանր սպառազինության և անձնական զենքի հարցերը անձնական անվտանգության ապահովման համար։ Անցումային ժամանակաշրջանի շրջանակներում անկլավի բնակիչներն իրավունք ունեն չհանձնել անձնական զենքը, քանի դեռ Գազայում չեն հասել անվտանգության անհրաժեշտ մակարդակի։
Ինչպես նշել է Մլադենովը, Գազայի հատվածի կառավարման ազգային կոմիտեն կդառնա միակ պաղեստինյան մարմինը, որը պատասխանատու է անձնական զենքի գրանցման և դրա տերը դառնալու լիցենզիաներ տալու համար: Անկլավի աստիճանական զինաթափման շրջանակներում նաև նախատեսված է բնակչությունից զենքի հետգնման ծրագիր: Այս քայլերի հիմնական նպատակն է զենքի վերահսկողությունը արմատական զինված խմբավորումներից փոխանցել միջազգայնորեն ճանաչված պաղեստինյան հաստատություններին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում