Փաշինյանը քարոզարշավը տեղափոխել է սպառնալիքի դաշտ ու թիրախավորում է Գագիկ Ծառուկյանին. Իվետա Տոնոյան

Փաշինյանը քարոզարշավը տեղափոխել է սպառնալիքի դաշտ ու թիրախավորում է Գագիկ Ծառուկյանին. Իվետա Տոնոյան

Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությունը բացառապես հիմնված է սպառնալիքների, անձնական բնույթի վիրավորանքների, ոչ բարեկիրթ խոսույթի, քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարներ տեսնելու ուղղությունների վրա․ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  ԲՀԿ առաջնորդ Գագիկ  Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

Նրա գնահատմամբ՝ Փաշինյանի քարոզարշավը քաղաքական բանավեճի որևէ տարր չի պարունակում:

«Քարոզարշավին մասնակցող մյուս ուժերն այս օրերն օգտագործում են իրենց ծրագրերը ներկայացնելու համար, սակայն ՔՊ-ն և Նիկոլ Փաշինյանը քարոզարշավը բացառապես տեղափոխել են քաղաքական ընդդիմախոսների հասցեին հնչեցվող սպառնալիքների դաշտ: Այս դեպքում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ անձնական սպառնալիքների և վիրավորանքների հնչեցման դաշտ, նրա ընտանիքի անդամներին թիրախավորելու դաշտ: Այս ամենը պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի ասելիքի բացակայությամբ»,- նշեց նա:

Իվետա Տոնոյանի խոսքով՝ անակնկալ չէին իրենց նկատմամբ բռնաճնշումները: Նա նաև նշեց, որ վարչական ռեսուրսը լծված է մեկ նպատակի՝ լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին:

«Հաշվեհարդարի գործընթացներ են տեղի ունենում ԲՀԿ-ի և մեր քաղաքական  թիմի անդամների նկատմամբ: Ուզում եմ դիմել Հակակոռուպցիոն կոմիտեին, ուզում եմ հասկանալ՝ հավկուրությունը ախտորոշո՞ւմ է, թե՞ այլ դրսևորում: Ես առաջարկում եմ մի գործ էլ հարուցել իշխանությունների, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, որովհետև մինչև ընտրությունը թոշակների բարձրացումը, պետական համակարգում աշխատողներին տրվող պարգևավճարներն ինչ են, եթե ոչ ընտրակաշառքի դրսևորումներ»,-նկատեց Ծառուկյանի մամուլի խոսնակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում