Փիթ Հեգսեթը Իրանին կոչ է արել հրաժարվել միջուկային ծրագրից

Փիթ Հեգսեթը Իրանին կոչ է արել հրաժարվել միջուկային ծրագրից

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Իրանը կանգնած է ընտրության առաջ՝ բանակցությունների սեղանի շուրջ համաձայնության հասնելու կամ ամերիկյան բանակի ուժին բախվելու միջև։

Նրա խոսքով՝ երբ ԱՄՆ զինված ուժերը կատարում են իրենց առաքելությունը, հակառակորդները հասկանում են, թե ինչ հետևանքների կարող են բախվել։

«Երբ դուք կատարում եք ձեր աշխատանքը, հակառակորդները գիտեն, թե ինչ է իրենց սպասվում։ Այդ ժամանակ նրանք կամ մտնում են պայքարի մեջ և բախվում ամերիկյան բանակի ուժին, կամ նահանջում են՝ ԱՄՆ նախագահին տալով տարբեր գործողությունների հնարավորություններ՝ ամերիկացի ժողովրդի անունից»,- ասել է Հեգսեթը։

ԱՄՆ պաշտպանության նախարարը նշել է, որ այժմ Իրանը հնարավորություն ունի նստել բանակցությունների սեղանի շուրջ և հրաժարվել իր միջուկային ծրագրից։

Նա նաև պատմել է, որ երկու օր առաջ կառավարության նիստի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, դիմելով տեսախցիկին, ասել է. «Իրանը կարող է կամ ճիշտ քայլ անել՝ համաձայնության գալով բանակցությունների սեղանի շուրջ, կամ գործ ունենալ իմ ձախ կողմում նստած տղայի հետ»։

Հեգսեթի խոսքով՝ այդ պահին Թրամփը նկատի ուներ հենց իրեն, սակայն նա ընդգծել է, որ խոսքը ոչ թե մեկ անձի, այլ ամբողջ ամերիկյան բանակի մասին է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում