ԵՄ-ում քննարկում են արտաքին քաղաքական ծառայության վերակազմավորման հնարավորությունը

ԵՄ-ում քննարկում են արտաքին քաղաքական ծառայության վերակազմավորման հնարավորությունը

Եվրոպական միությունում քննարկվում է դիվանագիտական ծառայության լայնածավալ վերակազմավորման հնարավորությունը՝ կառույցի աշխատանքի արդյունավետության վերաբերյալ աճող դժգոհությունների ֆոնին։ Այս մասին հայտնում է լրատվամիջոցը՝ հղում անելով եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաներին։

Հաղորդվում է, որ մի շարք անդամ պետություններ, այդ թվում՝ Ֆրանսիան և Գերմանիան, մտահոգություն են հայտնում ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության գործունեության արդյունավետության վերաբերյալ։ Նրանց կարծիքով՝ կառույցը լիարժեք չի արձագանքում ներկայիս միջազգային մարտահրավերներին։

Ըստ հրապարակման՝ քննարկվում են տարբերակներ, որոնք կարող են սահմանափակել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի լիազորությունները, ինչպես նաև վերանայել արտաքին քաղաքական ծառայության ներկայիս գործառույթները՝ որոշ լիազորություններ վերադարձնելով Եվրոպական հանձնաժողովին և անդամ պետություններին։

Աղբյուրների փոխանցմամբ՝ ֆրանսիական կողմի հիմնական առաջարկներից մեկը գլխավոր եվրոպացի դիվանագետի ինքնուրույնության սահմանափակումն է և նրա ազդեցության նվազեցումը ԵՄ ավելի քան 140 արտասահմանյան պատվիրակությունների գործունեության նկատմամբ։

Քննադատների կարծիքով՝ ներկայիս համակարգում առկա են գործառույթների կրկնություններ, ծառայությունների միջև համակարգման խնդիրներ, ինչպես նաև դեպքեր, երբ Կալասը հայտարարություններ է արել առանց անդամ պետությունների մայրաքաղաքների նախնական համաձայնության։

Միևնույն ժամանակ, պաշտոնական որոշումներ դեռևս չեն ընդունվել, և քննարկումները շարունակվում են ԵՄ կառույցների ներսում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում