ԿԸՀ-ն պարտավոր է անվավեր հայտարարված տեղամասերում նոր քվեարկություն անցկացնել. Ավետիք Չալաբյան
Կարդացեք նաև
«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան տեսաուղերձում նշել է․ «Ինչպես գիտեք երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղարկեց ընտրությունների արդյունքները 10/51 և 35/65 ընտրական տեղամասերում. դրանում թերևս որևէ արտառոց բան չէր լինի, հաշվի առնելով որ այդ ընտրական տեղամասերում զանգվածային խախտումներ էին իսկապես եղել, եթե դրա արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չկորցներ ընտրողների 213 քվե, այն պայմաններում երբ նրան ընդամենը ընտրություններում նախնական արդյունքների հաշվարկով չէր բավարարում 50 քվե ընտրական շեմը հաղթահարելու համար։
Սա բնականաբար ստեղծում է անորոշություն կապված նրա հետ, թե ԲՀԿ-ն հաղթահարում է արդյոք ընտրական շեմը, թե չէ։ Իրականում օրենքը սա հստակ կարգավորում է։ Ընտրական օրենսգրքի 111-րդ հոդվածը միարժեք սահմանում է հետևյալը, որ եթե խախտումների արդյունքում հնարավոր չէ որոշել ընտրության իրական արդյունքը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է, ոչ թե կարող է, պարտավոր է տվյալ տեղամասերում մեկ շաբաթվա ընթացքում նոր քվեարկություն նշանակել, այլապես Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ևս պարտավոր է ամբողջապես չեղարկել ընտրությունների արդյունքները ողջ Հանրապետությունում։ Ուստի այս իրավիճակում ես կոչ եմ անում Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հրատապ կարգով մեկ շաբաթվա ընթացքում հայտարարել տվյալ տեղամասերում նոր քվեարկության մասին, այլապես մեր բոլոր ընդդիմադիր գործընկերները պետք է ևս հրատապ դիմեն վարչական դատարան, պահանջեն չեղարկել ընտրությունները ամբողջ Հանրապետության տարածքում։
Սա այն հստակ ալգորիթմն է, որը հնարավորություն կտա այս անորոշությունից դուրս գալ և վերականգնել մեր բոլորի ընտրական իրավունքը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում