Ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի Հայաստանի ընտրությունների արդյունքները. «Փաստ»
Կարդացեք նաև
«Փաստ» օրաթերթը գրում է. Գերտերության կողմից դաշնակից կամ գործընկեր երկրի ընտրությունների արդյունքների մերժումը երբեք սոսկ իրավական գնահատական կամ դիվանագիտական դիրքորոշում չէ։ Միջազգային հարաբերությունների պատմությունն ու արդի աշխարհաքաղաքական տրամաբանությունը փաստում են, որ նման քայլը բացահայտ քաղաքական պատերազմի մեկնարկ է, որի վերջնանպատակը տվյալ երկրում ռեժիմի փոփոխությունն է կամ նրան կապիտուլ յացիայի ենթարկելը։ Եթե դիտարկենք այս սցենարը մասնավորապես Ռուսաստանի Դաշնության կողմից իր ազդեցության գոտում գտնվող որևէ երկրի նկատմամբ, ապա հետևանքները կունենան կասկադային էֆեկտ՝ հարվածելով պետականության բոլոր կենսական հանգույցներին։
Առաջին հարվածը ստանում է երկկողմ դիվանագիտական ապարատը, որտեղ ձևավորվում է լեգիտիմության լիակատար վակուում։ Մոսկվան, չճանաչելով ընտրությունները, տվյալ երկրի նոր իշխանություններին հռչակում է ապօրինի, ինչը նշանակում է, որ ցանկացած փաստաթուղթ կամ պայմանագիր, որը կստորագրի այդ իշխանությունը, Ռուսաստանը կհամարի իրավական ուժ չունեցող։ Թեև դիվանագիտական հարաբերությունները պաշտոնապես չեն խզվում հենց առաջին օրը, դրանց մակարդակը կտրուկ իջեցվում է. դեսպանները հետ են կանչվում, իսկ բարձր մակարդակի շփումներն ու այցերը սառեցվում են։
Այս իրավիճակը կատաղի ճգնաժամ է առաջացնում նաև տարածաշրջանային ինտիտուտներում, ինչպիսիք են ԵԱՏՄ-ն ու ՀԱՊԿ-ն, որոնցում որոշումները կայացվում են կոնսենսուսի սկզբունքով։ Ռուսաստանը չի կարող միանձնյա վտարել որևէ երկրի այս կառույցներից, քանի որ պայմանագրերով նման մեխանիզմ նախատեսված չէ, սակայն նա կարող է լիակատար կաթվածահար անել դրանց աշխատանքը։
ԵՏՀ նիստերում Մոսկվան պարզապես կհրաժարվի նստել նույն սեղանի շուրջ տվյալ երկրի ներկայացուցիչների հետ կամ կհայտարարի, որ նրանց նշանակած պաշտոնյաներն իրավունք չունեն մասնակցելու քվեարկություններին։ Ռազմաքաղաքական հարթակում՝ ՀԱՊԿ-ում, հետևանքներն անմիջականորեն անդրադառնում են պաշտպանական համակարգի վրա։ Անվտանգային հովանոցը փաստացի դադարում է գործել, քանի որ ցանկացած ճգնաժամի դեպքում Ռուսաստանը կհայտարարի, որ չկա երկրի օրինական իշխանության դիմում, հետևաբար չկա նաև օգնություն ցուցաբերելու հիմք։ Դրան զուգահեռ կասեցվում է ռազմատեխնիկական համագործակցությունը, զենքի մատակարարումն ու հետախուզական տեղեկատվության փոխանակումը։
Տնտեսական ճակատում Ռուսաստանն ավանդաբար անցնում է տարաբնույթ ճնշումների գործիքակազմին։ Սա ներառում է էներգետիկ լծակների կիրառում, երբ գազի կամ նավթի սակագները կտրուկ բարձրացվում են, կամ մատակարարումները ժամանակավորապես դադարեցվում են տեխնիկական պատճառների պատրվակով։ Գործի են դրվում սանիտարական բլոկադայի մեխանիզմները, և Ռոսսելխոզնադզորի որոշումներով արգելվում է տվյալ երկրի գյուղմթերքի կամ խոշոր արտահանման ապրանքների մուտքը ռուսական շուկա։ Չափազանց զգայուն է դառնում նաև միգրացիոն լծակը. խստացվում են վարչական վերահսկողության կանոնները աշխատանքային միգրանտների նկատմամբ, և սահմանափակվում են դրամական տրանսֆերտների համակարգերը, ինչը ցավոտ հարված է հասցնում երկրի ներքին սոցիալական կայունությանը։
Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ գերտերությունների կողմից նման քայլերը միշտ հանգեցնում են ծայրահեղ սցենարների։ Երբ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները չճանաչեցին Վենեսուելայի նախագահական ընտրությունները, նրանք պաշտոնապես ճանաչեցին ընդդիմության առաջնորդին, ինչը բերեց երկրի տնտեսական լիակատար շրջափակման և արտերկրում պետական ակտիվների սառեցման։ Իսկ 2004 թվականին Ուկրաինայում ընտրությունների արդյունքների արևմտյան չճանաչումը դարձավ Նարնջագույն հեղափոխության կատալիզատոր, որը հանգեցրեց արդյունքների չեղարկման և իշխանափոխության։ Ավելի կոշտ իրավիճակներում, երբ ընտրությունների չճանաչմանը հաջորդում է տվյալ երկրի կտրուկ շրջադարձը դեպի հակառակորդ աշխարհաքաղաքական բևեռ, գերտերություններն անցնում են ուժային սցենարների։ ԽՍՀՄ միջամտությունները Հունգարիայում և Չեխոսլովակիայում, կամ 2014-ից հետո Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները, որտեղ Մոսկվան իշխանությունը որակեց որպես պետական հեղաշրջման արդյունք, ակնառու վկայությունն են այն բանի, որ քաղաքական մերժմանը հաջորդում են տարածքային կորուստներն ու պատերազմը։
Ի վերջո, երբ որևէ գերտերություն չի ճանաչում իր դաշնակցի ընտրությունները, նա տվյալ պետությունը դադարում է դիտարկել որպես սուվերեն գործընկեր և այն վերածում է թշնամական տարածքի։ Փոքր կամ միջին պետության համար սա նշանակում է հայտնվել էկզիստենցիալ ճգնաժամի առջև, որտեղ պետականության պահպանումը պահանջելու է հսկայական զոհողություններ և անվտանգային բոլորովին նոր համակարգի հրատապ որոնում։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Հետևեք մեզ նաև Telegram-ում