ԱՄՆ-ի աճող հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ և ՆԱՏՕ-ի ծրագրերը․ Վահե Դավթյան
Կարդացեք նաև
Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրում է․ «Երբ դիտարկվում են երկու, առաջին հայացքից իրարից անջատ սյուժեներ՝ ԱՄՆ-ի աճող հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ և ՆԱՏՕ-ի ծրագրերը՝ ուղղված Թուրքիայի ու Արևելյան Եվրոպայի էներգետիկ ենթակառուցվածքների ընդլայնմանը, ակնհայտ է դառնում ավելի խորքային միտում։
Էներգետիկ ենթակառուցվածքը գնալով ավելի բացահայտ կերպով վերածվում է ռազմական պլանավորման և ազդեցության գործիքի։
Թուրքիան լայնորեն ներգրավված է ՆԱՏՕ-ի վառելիքային ցանցի ընդլայնման ծրագրին, որի արժեքը կազմում է շուրջ 28 մլրդ ԱՄՆ դոլար։ Խոսքը ոչ թե պարզապես լոգիստիկայի արդիականացման մասին է, այլ ռազմական շարժունակության էներգետիկ ապահովման միասնական համակարգի ձևավորման։
Նախագիծը ներառում է․
• Թրակիայի ստորգետնյա խողովակաշարերի միացում Թուրքիայի հարավային շրջաններին,
• Մերսինի շրջանում գտնվող օբյեկտների և Ինջիրլիքի ավիաբազայի ինտեգրում վառելիքային մատակարարման միասնական ցանցում,
• համակարգի հնարավոր ընդլայնում դեպի Արևելյան Եվրոպա,
• Թուրքիա–Ռումինիա խողովակաշարի նախագծում՝ շուրջ 1.2 միլիարդ դոլար արժողությամբ։
Գործնականում ձևավորվում է ՆԱՏՕ-ի լոգիստիկ ենթակառուցվածք՝ մինչև 10,000 կմ երկարությամբ, որը ուղղված է ռազմական գործողությունների արդյունավետության բարձրացմանը և վառելիքային ինքնավարության ապահովմանը։
Այս ֆոնին ԱՄՆ-ի (TRIPP) և ԵՄ-ի (Global Gateway) քաղաքական և աշխարհատնտեսական նախաձեռնությունները Կովկասում ձեռք են բերում առանձնահատուկ նշանակություն։
Խոսքն արդեն ոչ միայն տնտեսական ազդեցության մասին է, այլև տարածաշրջանի աստիճանական ներգրավման՝ ավելի լայն ռազմավարական լոգիստիկ համակարգի մեջ։
Ժամանակակից աշխարհաքաղաքական մրցակցությունը տեղափոխվում է տարածքների վերահսկումից դեպի ենթակառուցվածքային հոսքերի վերահսկում՝ առաջին հերթին՝ էներգետիկ։
Եվ հենց այստեղ Հարավային Կովկասը և Արևելյան Եվրոպան սկսում են դիտարկվել որպես Արևելք–Արևմուտք միասնական ռազմավարական գծի բաղադրիչներ»։