Հունիսի 25-ին դատարանը որոշում կկայացնի, ակնկալում ենք արդարացման դատական ակտ․ Գայանե Պապոյան

Հունիսի 25-ին դատարանը որոշում կկայացնի, ակնկալում ենք արդարացման դատական ակտ․ Գայանե Պապոյան

Վերաքննիչ դատարանում Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի գործով  նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում պաշտպան Գայանե Պապոյանն ասել է․ «Այսօր  ի վերջո ավարտվեց Վերաքննիչ դատարանում  Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ գործի քննությունը և Վերաքննիչ դատարանը նշանակեց հունիսի 25-ին դատական նիստ՝ արձանագրելով, որ որևէ դատավարական գործողություն կատարելու անհրաժեշտություն չկա»։

Նրա խոսքով՝  պայմանավորված այն հանգամանքով, որ գործի հայտերը մոտ 40 են և, ըստ էության, մոտ 3 դատական վերանայման բողոք է ներկայացված, լրացուցիչ անհրաժեշտություն կա դատարանի կողմից, որպեսզի գործի նյութերը կրկին ուսումնասիրվի և դրանից հետո նոր միայն որոշում կայացվի։ Հետևաբար, նշանակվեց ևս մեկ դատական նիստ։

«Նորից եմ շեշտում՝ արձանագրվեց, որ որպես այդպիսին  դատավարական որևէ գործողություն կատարելու անհրաժեշտություն չկա, պարզապես տվյալ օրը՝ հունիսի 25-ին, դատական նիստը կբացվի և դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ, որից հետո կհրապարակվի որոշումը։ Արդեն չեմ կարող ասել՝ նույն օրը կհրապարակվի որոշումը, թե՝ հաջորդ օրը։Մենք ակնկալում ենք արդարացման դատական ակտ»,- ասել է պաշտպանը։

Պապոյանը հայտարարել  է, որ Դավիթ Համբարձումյանն անմեղ է, արդարացման դատական ակտ պետք է կայացվի։ «Միայն առաջին ատյանի դատարանի դատավաճռով պատժի մասով, պարզ է դառնում, որ կայացվել է  անօրինական դատական ակտ»,- շեշտել է փաստաբանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում