«Հեզբոլլահը» և Իսրայելը պետք է զենքերը վայր դնեն․ Էմանուել Մակրոն

«Հեզբոլլահը» և Իսրայելը պետք է զենքերը վայր դնեն․ Էմանուել Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ինչպես «Հեզբոլլահը», այնպես էլ Իսրայելը պետք է հրաժարվեն ռազմական գործողություններից և շարժվեն դեպի խաղաղ կարգավորում։

««Հեզբոլլահը» պետք է զենքերը վայր դնի Լիբանանում։ Մյուս կողմից՝ Իսրայելն էլ պետք է դա անի։ Չպետք է լինեն ռազմական բախումներ։ Պետք է լինի խաղաղություն»,-նշել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը նաև անդրադարձել է միջազգային մի շարք հարցերի, այդ թվում՝ Ուկրաինայի շուրջ իրավիճակին, ԱՄՆ-ի քաղաքականությանը և Իրանի հետ ձեռք բերված համաձայնությանը։

Մակրոնի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես նաև G7-ի մյուս առաջնորդները, համաձայն են այն գնահատականի հետ, որ Ռուսաստանը բավարար պատրաստակամություն չի ցուցաբերել խաղաղ բանակցություններ վարելու համար։

«Նախագահ Թրամփը, ինչպես և բոլորս, համաձայնեց, որ Ռուսաստանը լուրջ ցանկություն չի ցուցաբերել խաղաղ բանակցություններ կամ քննարկումներ վարելու հարցում»,-ասել է նա։

Ֆրանսիայի առաջնորդը նաև ընդգծել է, որ երկար տարիներ պահպանել է աշխատանքային և բաց հարաբերություններ Թրամփի հետ։

«Ես միշտ վստահել եմ նախագահ Թրամփին, որովհետև մենք միշտ շատ անկեղծ ենք խոսել միմյանց հետ։ Երբ տարաձայնություններ ենք ունեցել, դրանք բացահայտ արտահայտել ենք, իսկ երբ նա որևէ պարտավորություն է ստանձնել, կատարել է այն։ Այսօր ԱՄՆ-ն և Թրամփը ստանձնել են պարտավորություններ, և դա շատ կարևոր է»,-նշել է Մակրոնը։

Անդրադառնալով Իրանի շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին՝ Ֆրանսիայի նախագահը դրական է գնահատել Թրամփի նախաձեռնած համաձայնությունը։

«Կարծում եմ՝ Թրամփի գործարքը Իրանի հետ լավ համաձայնություն է։ Իհարկե, այն միանգամից չի լուծում բոլոր խնդիրները։ Սակայն եթե շարունակեինք պայքարը, ի՞նչ կլիներ դրա հետևանքը։ Դա կնշանակեր, որ նեղուցը կմնար փակ», — հայտարարել է Մակրոնը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում