Թրամփը հայտարարել է Իրանի նկատմամբ «լիակատար ռազմական հաղթանակի» մասին
Կարդացեք նաև
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Axios պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ, իր գնահատմամբ, Իրանի հետ վերջին հակամարտության համատեքստում Միացյալ Նահանգները ուժի կիրառման հարցում որևէ սահմանափակում չունի, ինչպես նաև մանրամասն նկարագրել է Մերձավոր Արևելքում Վաշինգտոնի կողմից իրագործվող ռազմական ու դիվանագիտական գործողությունները։
Թրամփն այսպես է պատասխանել լրագրող Սթիվ Կապուտոյի այն հարցին, թե ինչ եզրակացություններ է արել նախագահական իշխանության սահմանների վերաբերյալ։
«Դրանք չկան։ Ոչ մի սահմանափակում չկա։ Ես դեռ նման դաս չեմ քաղել։ Գիտեմ, որ դրանք գոյություն ունեն, բայց իրականում սահմաններ չկան։ Ռազմական առումով մենք նրանց լիովին ջախջախել ենք»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Նա հայտարարել է, թե ԱՄՆ-ն իբրև թե ճնշում է գործադրել Իրանի վրա (այդ թվում՝ ծովային շրջափակման միջոցով) և պնդել է, որ դա լուրջ հետևանքներ է ունեցել իրանական ռազմածովային ուժերի համար։
Թրամփը նաև կապ է տեսել այս իրավիճակի և տարածաշրջանային ավելի լայն հակամարտությունների միջև՝ հիշատակելով ԱՄՆ-ի դերը Հնդկաստանի և Պակիստանի միջև էսկալացիան կանխելու գործում և նշելով, որ խոսքը պոտենցիալ միջուկային դիմակայության մասին է եղել։
«Պակիստանն ինձ խնդրեց չշարունակել, քանի որ նրանք մոտ են: Ես ասացի, որ նրանք ինձ դուր են գալիս: Ես կանգնեցրի Պակիստանին և Հնդկաստանին՝ երկու միջուկային տերությունների: Պակիստանի վարչապետն ասաց, որ Թրամփը 50 միլիոն կյանք փրկեց: Բայց ես կարծում եմ, որ դա շատ ավելին էր»,- պատմել է նա:
Թրամփի խոսքով՝ այդ ճգնաժամի ընթացքում կողմերը շատ մոտ են եղել միջուկային զենքի կիրառմանը, իսկ իր միջամտությունը կանխել է մասշտաբային աղետը։
Անցնելով Իրանի հետ համաձայնագրերի հարցին՝ Կապուտոն նշել է, որ ներկայիս շրջանակային պայմանավորվածությունը «անվերապահ կապիտուլյացիայի» տեսք չունի, ինչին Թրամփն արձագանքել է.
«Դե, դա, թերևս, հենց անվերապահ կապիտուլյացիա է: Նրանք բանակ չունեն: Ամեն ինչ ծովի հատակին է: 159 նավ՝ ահա թե ինչ ունեին նրանք»:
ԱՄՆ նախագահի պնդմամբ՝ ամերիկյան գործողությունները փաստացի կաթվածահար են արել Իրանի ռազմական կարողությունները, այդ թվում՝ ավիացիան և հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերը։
«Մենք ոչնչացրինք նրանց ռազմաօդային ուժերը: Մենք ոչնչացրինք նրանց հակաօդային պաշտպանությունը: Դրա շնորհիվ մենք այնտեղ կարողանում էինք լիովին ազատ թռչել: Մենք անջատեցինք ամեն ինչ: Նրանք ոչինչ չէին կարող անել»,- հայտարարել է Թրամփը։
Նա հավելել է, որ հարվածներ են հասցվել նաև Իրանի ղեկավարության այլ առանցքային դեմքերին ու կառույցներին, ինչը, նրա կարծիքով, զգալիորեն թուլացրել է երկրի ռազմական պոտենցիալը։
Միևնույն ժամանակ Թրամփը պնդել է, որ ԱՄՆ նախորդ վարչակազմերը գործել են պակաս վճռականորեն, և իր քաղաքականությունը հակադրել է Բարաք Օբամայի ժամանակաշրջանի Իրանի միջուկային գործարքի մոտեցմանը՝ այն անվանելով «աղետ»:
Նա հայտարարել է, որ ամերիկյան գործողությունները հանգեցրել են Իրանի ռազմական ենթակառուցվածքների մի մասի «լիակատար վերացմանը»՝ ընդգծելով, որ հենց ուժն է որոշում դիվանագիտության և հակամարտությունների արդյունքները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում