Բեն-Գվիրը Լիբանանի հետ համաձայնագիրը պատմական սխալ է անվանել

Բեն-Գվիրը Լիբանանի հետ համաձայնագիրը պատմական սխալ է անվանել

Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը խիստ քննադատել է Լիբանանի հետ նախապատրաստվող շրջանակային համաձայնագիրը՝ այն որակելով «պատմական սխալ»։

«Լիբանանի հետ նախապատրաստվող համաձայնագիրը պատմական սխալ է, սարսափելի բաց թողնված հնարավորություն և ողբերգություն ապագա սերունդների համար», – գրել է Բեն-Գվիրը։

Նախարարի խոսքով՝ Իսրայելը բաց է թողնում բացառիկ հնարավորություն, քանի որ «Հեզբոլլահ»-ը ներկայում խոր ճգնաժամի մեջ է։ Նա պնդում է, որ կազմակերպության հրամանատարական կառուցվածքը քայքայված է, իսկ խմբավորումն ինքնին «արյունաքամ է լինում»։

Բեն-Գվիրի գնահատմամբ՝ համաձայնագիրը «Հեզբոլլահ»-ին ժամանակ կտա վերախմբավորվելու համար, ինչից հետո խմբավորումը կրկին կվերսկսի պայքարը Իսրայելի դեմ։

Նա նաև «պատրանք» է անվանել Լիբանանի բանակին որպես անվտանգության երաշխավոր դիտարկելու փորձերը՝ հայտարարելով, որ այդ բանակը թույլ է և «ներթափանցված է «Հեզբոլլահ»-ի կողմնակիցներով»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակվել էին ԱՄՆ-ի, Իսրայելի և Լիբանանի միջև նախապատրաստվող շրջանակային համաձայնագրի հիմնական դրույթները, որոնք նախատեսում են երկարամյա հակամարտության դադարեցում և համապարփակ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում