Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը․ քաղաքական շարժառիթներն ու հնարավոր հետևանքները․ «Գեղարդ» վերլուծական
Կարդացեք նաև
«Գեղարդ» վերլուծականը հոդված է հրապարակել․
«Հունիսի 28-ին Իսրայելի կառավարությունը միաձայն որոշում է կայացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ։
Օրեր առաջ Իսրայելի ԱԳՆ նախարար Գիդեոն Սաարը, «X»-ի իր միկրոբլոգում, անդրադառնալով Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին, գրել էր․ «Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության ճանաչումը բարոյական և պատմական պարտք է։ Մենք պետք է հստակ դատապարտենք պատմական ճշմարտության ժխտումը, նսեմացումը և աղավաղումը։ Չնայած լայնածավալ և անհերքելի պատմական փաստաթղթերին՝ մինչ օրս Հայոց ցեղասպանությունը ժխտման և նսեմացման ինստիտուցիոնալացված քաղաքականության առարկա է, այդ թվում՝ պատմության գրքերի նենգափոխող վերաշարադրումը, որը հիմնականում անում է Թուրքիան»։
Իսրայելի «բարոյական պարտքը» և Թուրքիայի հետ հարաբերությունները
Իսրայելական քաղաքականության մեջ Հայոց ցեղասպանության ճանաչման-չճանաչման սագան բավական երկար տարիների պատմություն ունի։ Հոլոքոսթ վերապրած ժողովրդի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչման հարցը մշտապես քննարկումների թեմա է եղել իսրայելական հասարակության տարբեր շերտերում, սակայն երկրի կառավարության կողմից դրա պաշտոնապես չճանաչումը պայմանավորված է եղել ոչ միայն երկրի ռազմավարական շահերով, այլև՝ Թուրքիայի հետ հարաբերություններով։
Սաարի հայտարարությունից շուրջ մեկ տարի առաջ՝ 2025 թվականի օգոստոսի 27-ին, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դավիդի փոդքասթին անդրադարձել էր այն դիտարկմանը, թե Իսրայելը ինչու չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը։ Վարչապետն ասել էր՝ «ես հենց նոր արեցի դա»։ Թուրքիան անմիջապես արձագանքել էր Նեթանյահուի հայտարարությանը՝ մեղադրելով նրան «անցյալի ողբերգությունները քաղաքական նպատակով շահարկելու» մեջ։
Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը շահարկվել է հատկապես վերջին 15 տարիներին՝ Իսրայել–Թուրքիա հարաբերությունների սրման համատեքստում։ Մի քանի անգամ ճանաչման հարցը ներկայացվել է Կնեսետում։ Դրա անհրաժեշտության մասին խոսել են իսրայելցի քաղաքական գործիչները, սակայն հարցը երբևէ ճանաչման չի հասել, իսկ գործադիր իշխանությունը մշտապես դեմ է արտահայտվել։
Իսրայելի ԱԳՆ հայտարարությունը տարածվում է Իսրայել–Թուրքիա քաղաքական հարաբերությունների լարվածության ֆոնին, երբ այդ հարաբերությունները պատմական ամենացածր կետում են։ Կողմերը հակադիր տեսակետներ ունեն Գազայում պատերազմի, Իրանի դեմ պատերազմի, Սիրիայի, Լիբանանի և քաղաքական մի շարք այլ հարցերում։ Մյուս կողմից՝ անգամ լարվածության պայմաններում, Իսրայելը շարունակում է անխափան նավթ ստանալ Ադրբեջանից՝ Թուրքիայի Ջեյհան նավահանգստով, որը, սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հերքել է։
Հարկ է ընդգծել, որ ճանաչման նախաձեռնությունը տեղի է ունենում նաև Հայաստան–Իսրայել բավական սառը հարաբերությունների պայմաններում։ Իսրայելական սպառազինությունների մատակարարումներն Ադրբեջանին, որը Բաքուն 2020-2023 թվականներին օգտագործել է Արցախի գրավման և ՀՀ սահմանների վրա հարձակումների ժամանակ, իր բացասական ազդեցությունն են թողել Հայաստան–Իսրայել հարաբերությունների վրա։ 2024 թվականին Հայաստանը պաշտոնապես ճանաչել էր Պաղեստին պետությունը, ինչը խիստ բացասական ու քննադատական արձագանք է առաջացրել Իսրայելում։
Չճանաչման պատճառները
Թուրքիայի և Ադրբեջանի հետ Իսրայելի ռազմավարական հարաբերությունները համարվում են Իսրայելի «պրագմատիկ» դիրքորոշման գլխավոր դրդապատճառը։ Դեռ 1950-ական թվականներից սկսած՝ արաբական աշխարհի հետ թշնամական հարաբերությունների պայմաններում, Իսրայելը ձգտել է սերտ հարաբերություններ կառուցել Թուրքիայի, Իրանի և այլ երկրների հետ՝ սեփական մեկուսացումը թուլացնելու համար։ Թուրքիան և Իսրայելը տասնամյակներ շարունակ սերտ հարաբերություններ են զարգացրել քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում։
Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչման հարցում իրենց ազդեցությունն են ունեցել նաև մի շարք այլ հանգամանքներ, որոնք մանրամասն ուսումնասիրվել են իսրայելցի հետազոտողների կողմից։ Դրանցից են՝ Թուրքիայում հրեական համայնքի դիրքորոշումը, իսրայելական լոբբին ԱՄՆ-ում և, այսպես կոչված, «էթնիկ մրցակցությունը»՝ Հոլոքոսթը որպես առանձնահատուկ ցեղասպանության դեպք պահպանելու ցանկությունը։
Ադրբեջանի գործոնը և դիրքորոշումը
1990-ական թվականների սկզբից Իսրայելն ու Ադրբեջանը զարգացրել են ռազմավարական նշանակության գործարքային հարաբերություններ, որը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բնութագրմամբ, նման է այսբերգի, որի միայն գագաթն է երևում։ Հաշվի առնելով Իրանի հետ թշնամական հարաբերությունները՝ Իսրայելը հետևողականորեն զարգացրել է Ադրբեջանի հետ կապերը՝ մեծ ներդրում ունենալով ադրբեջանական բանակը ժամանակակից տեխնիկայով և այլ միջոցներով համալրելու գործում։ Գործարքի շրջանակում Ադրբեջանը դարձել է Իսրայելի համար նավթի առանցքային մատակարար։ Ըստ ամերիկյան «CNN»-ի հրապարակման՝ 2026 թվականի՝ Իրանի դեմ պատերազմում Իսրայելն օգտագործել է Ադրբեջանի տարածքը՝ Իրանի դեմ գործողություններ իրականացնելու համար։ Իր հերթին՝ նախորդ ամիսների ընթացքում Բաքուն փորձել է միջնորդի դեր խաղալ Իսրայելի և Թուրքիայի, ինչպես նաև՝ Իսրայելի և Սիրիայի միջև՝ որոշակի պայմանավորվածությունների հասնելու նպատակով։ Գազայում՝ Իսրայելի ավերիչ պատերազմի հարցում Ադրբեջանը հայտնվել էր երկակի վիճակում՝ մի կողմից համահունչ լինել իսլամական աշխարհի դիրքորոշմանը, և խնդիրներ չառաջացնել Թուրքիայի հետ հարաբերություններում, իսկ մյուս կողմից՝ շարունակել սերտ հարաբերություններն Իսրայելի հետ։
Հայոց ցեղասպանության հարցում Ադրբեջանի դիրքորոշումը ժխտողական է։ Ադրբեջանը Հայոց ցեղասպանությունը որակում է «հորինված» և քայլեր է ձեռնարկում այլ երկրների կողմից ճանաչումը թույլ չտալու համար։
Հնարավոր հետևանքներ
Իսրայելում ճանաչման նախաձեռնությունն այս անգամ գալիս է գործադիրի, այլ ոչ թե օրենսդիրի կողմից։ Վերջին տարիներին Իսրայելում մեծացել է Թուրքիայի նկատմամբ առավել կոշտ դիրքորոշում ունեցողների թիվը։ Չնայած Իսրայել–Թուրքիա հարաբերություններում գոյություն ունեցող հակասություններին և փոխադարձ կոշտ հռետորաբանությանը՝ երկու երկրները փորձել են չհատել ուղիղ առճակատման տանող կարմիր գծերը։
Իսրայելի կառավարության որոշումը «մտահոգիչ», «պատմական փաստերի աղավաղում», «պատմական բարդ խնդիրը քաղաքական որոշման վերածում» է անվանել Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ հայտարարություն տարածելով։ Ադրբեջանն Իսրայելին կոչ է արել վերանայել որոշումը։
Հաշվի առնելով Իսրայել–Ադրբեջան հարաբերությունների բնույթն ու կարևորությունը Բաքվի համար՝ Ադրբեջանը հարվածի տակ չի դնելու Իսրայելի հետ հարաբերությունները և լայնածավալ մեդիաարշավ չի կազմակերպելու՝ հարցի առնչությամբ։ Իսկ ի՞նչ սպասել Կնեսետից․․․»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում