Այս ընտրությունները չեն եղել Սահմանադրության 7-րդ հոդվածին համապատասխան․ Արամ Վարդևանյան

Այս ընտրությունները  չեն եղել Սահմանադրության 7-րդ հոդվածին համապատասխան․ Արամ Վարդևանյան

ՍԴ-ում հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միացված գործի քննության ընթացքի մասին լրագրողների հետ զրույցում  «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը նշել է․ «Այսօր Սահմանադրական դատարանում ներկայացվելու են ամփոփիչ ելույթները։ Նիստը դրանով ավարտվելու է և ՍԴ-ն հեռանալու է խորհրդակցական սենյակ, որոշումը պետք է լինի ամենաուշը հուլիսի 4-ին»։

Հարցին՝ ինչ պատասխան կտա ՍԴ-ն խորհրդակցական սենյակից դուրս գալով՝ հաշցի առնելով այն, որ  ՔՊ-ական պատգամավորներն արդեն ասում են, որ ներկայացված դիմումներն անհիմն են, Վարդևանյանն ասել է.  «Իրենք այլ բան չէինք էլ կարող ասել։ Իսկ ինչո՞ւ չեն ցանկանում, որ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչվեն։ Պատասխանը հստակ է՝ ընտրախախտումների այն ռեսուրսը, որ իրացվել է, կրկնակի իրացման դեպքում  դժվարություններ են ունենալու, ռեսուրսը, որպես այդպիսին, սպառվող է»։

Արդեն դատարանում՝ իր ելույթի ժամանակ, Վարդևանը նշել է․ «Սահմանադրական դատարանում ներկայացրել ենք համակարգային, զանգվածային, պարբերական բնույթ կրող ընտրախախտումները»։

Նա ընգծել է, որ իրենց դիմումում ներկայացրել են այն խումբ ընտրախախտումները, զանգվածային բնույթի ընտրախախտումները, որոնք բաժանել էին մի քանի փուլերի՝ մինչև քվեարկության օրը, նախընտրական շրջան, քվերակության օր, դրան հաջորդած ժամանակահատվածում լիազոր մարմնի ակնհայտ ոչ իրավաչափ գործողությունները։

«Պարզեցինք,  որ գործով պատասխանող ԿԸՀ-ն մի շարք հարցերի վերաբերյալ պատասխան չունի, տեսանք դատաքննության ընթացքում ինչպես հարցերին չպատասխանեց։ ՍԴ-ում՝ սահմանադրական արդարադատության շրջանակներում, անգամ ականատեսը եղանք, որ   Սահմանադրական դատարանում պատասխանողը օգտվեց փաստացի լռելու իրավունքից,  Բարձր դատարանի դատավորների մեկի ուղիղ հարցադրմանը պատասխան ընդհանրապես չտրվեց»,- ասել է Վարդևանյանը։

Նա նշել է, որ այս ընտրությունները  չեն եղել Սահմանադրության 7-րդ հոդվածին համապատասխան, չեն եղել ազատ, հավասար, այս պնդումները հիմնավորել են իրենց ելույթներում։

«Հենց  դատաքննության ընթացքում տեսանք, թե ինչպես է հնարավոր, որ նույն ԿԸՀ-ն, լինելով պատասխանող, ունենա պահեստային պատասխանող՝ ի դեմս երրորդ անձի։ Սա խնդի՞ր է, բարձր դատարան, թե՞ ոչ, էական ազդեցություն ունեցո՞ղ խնդիր է, թե՞ ոչ»,- ասել է Վարդևանյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում