Կատարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկել են ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի տեխնիկական բանակցությունները, որոնցում միջնորդի դեր են ստանձնել Կատարը և Պակիստանը։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները երեքշաբթի հանդիպել են Կատարի վարչապետի հետ՝ բանակցությունների համար հիմք ստեղծելու նպատակով, սակայն չորեքշաբթի կայացած հանդիպումներին չեն մասնակցել։
Reuters-ի փոխանցմամբ՝ բանակցությունների հիմնական թեմաները Իրանի սառեցված ֆինանսական ակտիվների հնարավոր ապաշրջափակումն ու Օրմուզի նեղուցին վերաբերող հարցերն են։
«Անուղղակի բանակցությունները սկսվել են երեքշաբթի երեկոյան։ Իրանը հանդիպումներ է անցկացրել Կատարի և Պակիստանի պաշտոնյաների հետ, որոնք իրենց հերթին բանակցել են ամերիկյան կողմի ներկայացուցիչների հետ։ Չորեքշաբթի բանակցությունները շարունակվել են՝ կենտրոնանալով Իրանի սառեցված ակտիվների և Օրմուզի նեղուցի հարցերի վրա», — Reuters-ին հայտնել է բարձրաստիճան իրանցի պաշտոնյան։