Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով
Կարդացեք նաև
Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով։ Այս մասին հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Դատարանը հստակ արձանագրել է, որ ոստիկանությունը պարտավոր էր ոչ թե անտեսել Մայր Աթոռի դիմումները, այլ օրենքով սահմանված կարգով ժամանել դեպքի վայր, ուսումնասիրել ներկայացված փաստաթղթերը և կատարել այն գործողությունները, որոնք նախատեսված են սեփականության իրավունքի պաշտպանության համար։
Վճռի կարևորագույն իրավական հետևությունն այն է, որ թեև եկեղեցին բաց է հավատացյալների համար, սակայն դրա բոլոր հատվածները չունեն նույն իրավական կարգավիճակը։ Խորանը, Ատյանը և Ավանդատունը բացառապես եկեղեցական ծառայության համար նախատեսված տարածքներ են:
Դատարանն արձանագրել է նաև, որ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով ճանաչվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում, իսկ «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» ՀՀ օրենքից բխում է, որ Եկեղեցին, օրենքով սահմանված շրջանակներում, ինքնուրույն կազմակերպում է իր ներքին կյանքը և իրականացնում իր կանոնական լիազորությունները։
Ըստ վարչական դատարանի՝ նշված իրավակարգավորումներից հետևում է, որ եկեղեցու ներքին կազմակերպման, եկեղեցական ծառայության իրականացման, ինչպես նաև եկեղեցու պաշտամունքային տարածքների օգտագործման կարգի սահմանումն ու դրանցում գտնվելու իրավասություն ունեցող անձանց շրջանակի որոշումը վերապահված է բացառապես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու իրավասու մարմիններին:
Վճռով դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը»,-գրել է Զոհրաբյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում