Մեր միակ «հանցագործությունը» այն է, որ մենք մեր հայրենիքը սիրել ենք․ Տիգրան Աբրահամյան

Մեր միակ «հանցագործությունը» այն է, որ մենք մեր հայրենիքը սիրել ենք․ Տիգրան  Աբրահամյան

«Արմեն Աշոտյանի գործի հետ կապված որևէ առարկայական բան, խոսելու նյութ էլ չկա։ Եղել է խնդիր՝ Արմեն Աշոտյանին մեկուսացնելու, նրա քաղաքական գործունեությունը սահմանափակելու, ընտրվել է կամայական որևէ գործ և դրանով Արմենին փաստացի տարել են բանտ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Ըստ նրա՝ այն գործը, որով Արմեն Աշոտյանը գործով ներգրավել է,  աբսուրդային է։

«Նիկոլ Փաշինյանը բավարարված չէ այն հանգամանքից, որ Արմեն Աշոտյանը 25 ամսյա կալանք մինչև այդ կրել էր։ Համարել են, որ դա քիչ էր և գնացել են այս քայլին, թե չէ՝ քրեական գործեր, մեղադրանքներ, քննչականի հաղորդագրություն և այլն, դրանք առհասարակ որևէ առնչություն չունեն այս թեմայի հետ։ Կա քաղաքական որոշում, կա դատաիրավական համակարգին իջեցված հանձնարարություն և դրա շրջանակներում Արմեն Աշոտյանի մեկուսացրել են»,- հավելեց Աբրահամյանը։

Անդրադառնալով այն հարցին, որ  իշխանության ներկայացուցիչները իրենց մեղադրում են ԱԺ-ում  սեղաններին Արցախի դրոշը դնելու համար, Աբրահամյանն արձագանքեց․

«Այն օրվանից, երբ  իշխանությունը Արցախի հարցը բերեց, հավասարեցրեց այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջան» եզրույթին, դրանով իսկ արդեն իսկ ֆիասկոն ապահովեց։ Ապահովեց ոչ թե իշխանության համար, այլ հայկական պետականության համար։ Ինչ վերաբերում է Արցախին ու Արցախի դրոշը մեր սեղանին գտնվելուն, Արցախի իմ հայրենիքն է, ես այդ հայրենիքում ծառայություն եմ կրել, առաքելություն եմ ունեցել և որևէ մեկը, անկախ նանից, թե ով է, իշխանություն է, թե՝ոչ, չի կարող իրավունք վերապահել ինձ և իմ նման մտածող մարդկանց վերագրել որևէ բան։ Մեր միակ  «հանցագործությունը» այն է, որ մենք մեր հայրենիքը սիրել ենք, մենք մեր հայրենիքում ծառայել ենք։Մենք մեր հայրենիքը ամեն ինչից վեր ենք դասում՝ ի տարբերություն այս իշխանության, որի համար փողը, իշխանությունն ազդեցությունը վեր է ամեն ինչից»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում