Եվրոպացի դաշնակիցները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ սպասում են Թրամփի հնարավոր անակնկալ քայլերին․ Bloomberg

Եվրոպացի դաշնակիցները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ սպասում են Թրամփի հնարավոր անակնկալ քայլերին․ Bloomberg

Եվրոպական երկրները մտահոգությամբ են սպասում ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովին՝ մտավախություն ունենալով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հանդես գալ դաշինքի ապագային վերաբերող կոշտ հայտարարություններով։ Այդ մասին գրում է Bloomberg-ը։

Հրատարակության տվյալներով՝ Թրամփը շարունակում է դժգոհել, որ եվրոպական դաշնակիցները չեն աջակցել իր քաղաքականությանը Իրանի դեմ ռազմական գործողությունների ընթացքում և հարցադրում է անում, թե ինչու Միացյալ Նահանգները պետք է շարունակի պաշտպանել Եվրոպան, եթե դաշնակիցները, նրա կարծիքով, փոխադարձ աջակցություն չեն ցուցաբերում։

Միաժամանակ, Bloomberg-ը նշում է, որ Թրամփի համար քիչ հավանական է միակողմանիորեն դուրս բերել ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ից, որը տասնամյակներ շարունակ ապահովել է եվրոպական ժողովրդավարությունների անվտանգությունը՝ Սառը պատերազմի և դրան հաջորդած ժամանակաշրջանում։

Եվրոպական մայրաքաղաքներում, սակայն, մտավախություն ունեն, որ Վաշինգտոնը կարող է ավելի արագ կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում, քան եվրոպական երկրները կհասցնեն վերականգնել սեփական զինված ուժերի կարողությունները։ Հրատարակության գնահատմամբ՝ նման զարգացումը կարող է զգալիորեն մեծացնել տարածաշրջանի խոցելիությունը, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշի Ուկրաինայից հետո ռազմական գործողություններ սկսել մեկ այլ երկրի դեմ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում