Սաուդյան Արաբիայի և հութիների փոխադարձ հարվածները Եմենին կրկին պատերազմի վտանգի առաջ են կանգնեցրել

Սաուդյան Արաբիայի և հութիների փոխադարձ հարվածները Եմենին կրկին պատերազմի վտանգի առաջ են կանգնեցրել

Եմենում 2022 թվականից հիմնականում պահպանվող հրադադարը լուրջ փորձության առաջ է կանգնել՝ Սաուդյան Արաբիայի և հութիների միջև փոխադարձ օդային ու հրթիռային հարվածների ֆոնին։ Այս մասին գրում է AP-ն:

Լարվածությունը սրվել է երկուշաբթի, երբ հութիները հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածներ են իրականացրել Սաուդյան Արաբիայի Աբհայի միջազգային օդանավակայանի ուղղությամբ։

Հութիների հայտարարության համաձայն՝ գործողությունը պատասխան էր նույն օրը Սանայի միջազգային օդանավակայանի դեմ իրականացված ավիահարվածներին, որոնց համար նրանք մեղադրել են Սաուդյան Արաբիային։

Զոհերի կամ վիրավորների մասին չի հաղորդվել։ Սակայն այս միջադեպը համարվում է վերջին տարիների ընթացքում կողմերի միջև ամենալուրջ բախումներից մեկը և մեծացրել է մտավախությունները, որ Եմենը կարող է կրկին ներքաշվել լայնածավալ պատերազմի մեջ։

Եմենի քաղաքացիական պատերազմը սկսվել է 2014 թվականին՝ միմյանց դեմ կանգնեցնելով Իրանի աջակցությունը վայելող հութիներին և Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիային, որը պաշտպանում էր երկրի միջազգայնորեն ճանաչված կառավարությանը։

Չնայած 2022 թվականից հաստատված հրադադարին՝ տարածաշրջանային նոր լարվածությունները, այդ թվում՝ Իրանի շուրջ ընթացող հակամարտությունը, վտանգում են ձեռք բերված հարաբերական կայունությունը։

Եմենը, որը շարունակում է վերականգնվել երկարատև պատերազմից, շարունակում է մնալ աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկը։ Հակամարտության տարիներին երկրի մի շարք շրջաններ հայտնվել են սովի և ծանր հումանիտար ճգնաժամի պայմաններում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում