Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Կարդացեք նաև
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ակտիվ ջանքեր է գործադրում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի դադարեցման ուղղությամբ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Լեհաստանի Պշեմիսլ քաղաքից Կիև մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում Ֆիդանը նշել է, որ օդային տարածքի փակ լինելու պատճառով Ուկրաինա ուղևորություններն իրականացվում են երկաթուղային ճանապարհով։
Նա հիշեցրել է, որ նախորդ ամիս այցելել էր Մոսկվա, որտեղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին փոխանցել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձները։
«Եվրոպայում այս հարցի շուրջ գոյություն ունեն երկու տարբեր մոտեցումներ։ Մեկը վերաբերում է ռազմական աջակցությանը, մյուսը՝ պատերազմի դադարեցմանը։ Թուրքիան առավելապես կենտրոնացած է այն հարցի վրա, թե ինչպես կարելի է ավարտել պատերազմը»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։
Նրա խոսքով՝ Կիևում նախատեսված են հանդիպումներ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի և արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհայի հետ, որոնց ընթացքում կփոխանցվեն նաև նախագահ Էրդողանի ուղերձները։
Ֆիդանը հիշեցրել է Թուրքիայի միջնորդական դերակատարությունը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում՝ նշելով, որ Անկարան հյուրընկալել է Ստամբուլի բանակցությունները, ինչպես նաև նպաստել Սև ծովում նավագնացության անվտանգությունն ապահոված հացահատիկային համաձայնագրի ձեռքբերմանը։
Նա վստահություն է հայտնել, որ իր այցը դրական ազդեցություն կունենա խաղաղ գործընթացի վրա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում