ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում պայթել են նավարկության կանոնները խախտած երկու տանկեր․ Tasnim
Կարդացեք նաև
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում պայթել են երկու տանկեր, որոնք, ըստ իրանական կողմի, խախտել են նավարկության կանոնները։
ԻՀՊԿ-ի պնդմամբ՝ տանկերները փորձել են անցնել նեղուցի հարավային հատվածով՝ վտանգավոր երթուղով, այն բանից հետո, երբ, ինչպես նշվում է հայտարարության մեջ, ամերիկացի զինվորականները նրանց ստիպել են փոխել ընթացքը։ Արդյունքում տեղի ունեցած պայթյուններից հետո տանկերները չեն կարողացել շարունակել երթևեկությունը։
«ԱՄՆ զինված ուժերի ներկայությունը տարածաշրջանում չունի իրավական հիմք, և Իրանը պատրաստվում է պատասխանել ամերիկյան կողմի գործողություններին», — ասված է Tasnim գործակալության հրապարակած ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ։
ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է, որ մինչև ԱՄՆ ռազմական գործողությունների դադարեցումը Հորմուզի նեղուցով անցնող երթուղին չի կարող անվտանգ համարվել նավթի, գազի և քիմիական նյութերի փոխադրում իրականացնող նավերի համար։
Ավելի վաղ ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր, որ ամերիկյան ուժերն իններորդ գիշերն անընդմեջ հարվածներ են հասցնում Իրանի տարածքին՝ նշելով, որ դրանց նպատակն է թուլացնել Թեհրանի հնարավորությունները՝ սպառնալու Հորմուզի նեղուցով իրականացվող առևտրային նավարկությանը։
Ի պատասխան՝ ԻՀՊԿ-ն նախազգուշացրել է ԱՄՆ-ին և Մերձավոր Արևելքի այն երկրներին, որոնք Վաշինգտոնին տրամադրում են իրենց ռազմական բազաները, որ Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ հարձակումների շարունակման դեպքում նրանց սպասում է «չափազանց ծանր պատասխան»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում