Կոչ ենք անում չեղյալ համարել ցանկացած առաջարկ, թե ԵԱՀԿ-ն կարող է աջակցել Կաթողիկոսի պաշտոնանկությանը
Կարդացեք նաև
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, Եվրոպայում կրոնի ազատության ֆորումը և Միջազգային քրիստոնեական համերաշխությունը (Christian Solidarity International) խոր մտահոգություն են հայտնում և դատապարտում Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար, Թուրքիայի քաղաքացի Ֆերիդուն Հ. Սինիրլիօղլուի ձայնագրված արտահայտությունների կապակցությամբ, որոնցում նա, ըստ էության, պատրաստակամություն է հայտնել իր գրասենյակի աջակցությունը տրամադրել Հայաստանի կառավարությանը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու (ՀԱՍԵ) առաջնորդ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին հեռացնելու արշավում։ Այն հանգամանքը, որ որ ամենաբարձրաստիճան պաշտոնյան մի կազմակերպության, որի հիմնարար պարտավորությունների առանցքում մարդու իրավունքների պաշտպանությունն է, թեպետ և հպանցիկ, բայց այնուամենայնիվ պատրաստակամություն է հայտնում աջակցելու նման խնդրանքին, խորապես մտահոգիչ է և պահանջում է անհապաղ ու հրապարակային պարզաբանում։
Այս հայտարարությունները չեն կարող դիտարկվել մեկուսի։ 2025 թվականի մայիսից ի վեր Հայաստանի կառավարությունը համակարգված և շարունակական արշավ է իրականացնում ՀԱՍԵ դեմ, որը ժողովրդավարության և օրենքի գերակայության դեմ ուղղված ավելի լայն հարձակման մաս է։ Վարչապետ Փաշինյանը հրապարակայնորեն կոչ է արել հեռացնել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին, հրապարակել է նրան պաշտոնանկ անելու քայլերի «ճանապարհային քարտեզ», ինչպես նաև անհիմն մեղադրանքներ է հնչեցրել Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների հասցեին։ Կաթողիկոսի և մի շարք եպիսկոպոսների նկատմամբ կիրառվել են երկրից դուրս գալու սահմանափակումներ, իսկ բարձրաստիճան հոգևորականներ կալանավորվել են քրեական մեղադրանքներով, որոնք, ըստ երևույթին, քաղաքական դրդապատճառներ ունեն։ Ամբողջության մեջ այս գործողությունները պետության կողմից կազմակերպված ջանքեր են, որոնց նպատակն է Եկեղեցին ենթարկել կառավարության կամքին՝ վտանգի տակ դնելով Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված եկեղեցու և պետության տարանջատման սկզբունքը։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին քաղաքականի վեճի սովորական կողմ չէ։ 301 թվականին Հայաստանի կողմից քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց ի վեր Եկեղեցին վճռորոշ դեր է ունեցել հայ ժողովրդի լեզվի, մշակույթի և ազգային ինքնության պահպանման գործում։ Այդ դերը Հայաստանի Սահմանադրության 18-րդ հոդվածով ճանաչված է որպես նրա «բացառիկ առաքելություն»։ Ի տարբերություն գլխավոր քարտուղարի պնդման, թե Կաթողիկոսը քաղաքականացնում է Եկեղեցին, նա իրականում ձգտել է կատարել հենց այդ Սահմանադրական առաքելությունը՝ պաշտպանելով հայ ժողովրդի, այդ թվում՝ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից էթնիկ զտման ենթարկված հայության իրավունքները։ Հետևաբար, պետության կողմից Կաթողիկոսին պաշտոնանկ անելու ցանկացած փորձ խախտում է ոչ միայն Հայաստանի՝ կրոնի ազատության ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունները, այլև երկրի սահմանադրական կարգը։
Հետևաբար՝ մենք կոչ ենք անում գլխավոր քարտուղար Սինիրլիօղլուին՝
● հրապարակայնորեն պարզաբանել և չեղյալ համարել ցանկացած առաջարկ, թե ԵԱՀԿ-ն կարող է աջակցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտոնանկությանը կամ որևէ այլ կերպ միջամտել ՀԱՍԵ ներքին կառավարմանը,
● վերահաստատել ԵԱՀԿ հանձնառությունը Հայաստանում կրոնի կամ համոզմունքի ազատության պաշտպանության նկատմամբ՝ իր մարդկային չափանիշի շրջանակում ստանձնած պարտավորություններին համապատասխան,
● երկխոսել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ՝ ապահովելու համար ՀԱՍԵ, նրա հոգևորականների և հավատացյալների իրավունքները լիարժեք պաշտպանությունը։
Մենք պատրաստակամ ենք հանդիպել ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելու լրացուցիչ տեղեկություններ և մեր մտահոգությունները, և շարունակելու ենք ուշադիր հետևել կազմակերպության ղեկավարության գործունեությանը։ ԵԱՀԿ ղեկավարը պետք է լինի կրոնի ազատության խախտումների դեմ պաշտպանական պատնեշ, այլ ոչ թե դրանց կամավոր աջակիցը։ Հրապարակված արտահայտությունների վկայությամբ՝ գլխավոր քարտուղար Սինիրլիօղլուն ձախողել է այս քննությունը և այժմ պարտավոր է հստակեցնել իր դիրքորոշումը։
Ջոն Այբներ Նախագահ, Միջազգային քրիստոնեական համերաշխություն
Յան Ֆիգել, Նախագահ, Եվրոպայում կրոնի ազատության ֆորում
Ռաֆայել Իշխանյան Նախագահ, Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն
Սիրանուշ Սահակյան Նախագահ, Հայաստանի հելսինկյան կոմիտե
Հետևեք մեզ նաև Telegram-ում