Արթուր Սարգսյանն արդեն պատգամավոր է, րոպե առաջ պետք է ազատ արձակվի. Արամ Վարդևանյան

Արթուր Սարգսյանն արդեն պատգամավոր է, րոպե առաջ պետք է ազատ արձակվի. Արամ Վարդևանյան

8 արդարների գործով դատական նիստը մեկնարկեց առանց Բագրատ Սրբազանի ներկայության։ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի պաշտպան Արամ Վարդևանյանը միջնորդեց նիստը սկսել, մինչև Սրբազանը հասնի։ Դատարանն այսօր քննեց Արթուր Սարգսյանի ու Իգոր Սարգսյանի խափանման միջոցների փոփոխության հարցը։

Իգոր Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց տնային կալանքը փոփոխվեց վարչական վերահսկողությամբ։

Պաշտպան Արամ Վարդևանյանը միջնորդեց վերացնել ԱԺ պատգամավոր ընտրված Արթուր Սարգսյանի նկատմամբ տնային կալանքը ընտրված խափանման միջոցը։

«2026թ. հուլիսի 21-ից Արթուր Սարգսյանն ունի պատգամավորի կարգավիճակ, այդ հարցը պետք է հրատապության կարգով լուծվի»,-ասաց Վարդևանյանը՝ վկայակոչելով ԱԺ նախկին պատգամավոր Մխիթար Զաքարյանի վերաբերյալ վճռաբեկ դատարանի նախադեպային, ՍԴ որոշումերն ու ԿԸՀ օրեր առաջ կայացրած որոշումը։

Նա նշեց, որ հանրային մեղադրողները պետք է նախաձեռնեին այդ գործընթացը։

«Արթուր Սարգսյանը որպես ԱԺ 9-րդ գումարման պատգամավոր իր լիազորությունները ստանձնելու է օգոստոսի 2-ին, բայց Սահմանդրական դատարանը խոսում է ԱԺ պատգամավորի կարգավիճակ, ոչ թե լիազորությունների ձեռքբերման մասին»,-ասաց Ա. Վարդևանյանը՝ նկատելով, որ դա ամենևին էլ պատահական չէ, քանի որ պատգամավորը պետք է ունենա ԱԺ նստաշրջանին պատրաստվելու ժամանակ։

Արթուր Սարգսյանն իր խոսքում նշեց, որ հինգ տարին մեկ այս նույն պատմությունը կրկնվում է, 2021-ին դեկտեմբերի 10-ին  ՍԴ այդ որոշման համաձայն ազատ է արձակվել ՔԿՀ-ից։

«Ես հուլիսի 21-ին պետք է անհապաղ ազատ արձակվեի, բայց հանգիստ նստել եմ»,-ասաց նա։

Հանրային մեղադրողն ասաց՝ դեռ 2021-ից Արթուր Սարգսյանն ունեցել է պատգամավորի կարգավիճակ, սակայն նա նախորդ տարի դատախազի միջնորդությամբ ԱԺ կողմից  զրկվել է այդ անձեռնմխելիությունից։

«Ուստի միջնորդությունն առարկայազուրկ է, խնդրում եմ այն մերժել»,-ասաց հանրային մեղադրողը։

Արամ Վարդևանյանն ի պատասխան նկատեց,  դատախազությունը իրավական ժխտողականություն է ցուցաբերում, ստացվում է, որ ԱԺ գումարումների փոփոխություններն իրավական որևէ նշանակություն չունեն, իսկ Արթուր Սարգսյանն ունի պատգամավորի անընդհատյա կարգավիճակ։

«ԱԺ-ն իսկապես հինգ տարի է գործում, Արթուր Սարգսյանի պատգամավորի թեկնածուն 2021-ին և 2026-ին տարբեր իրավահարաբերություններ են։ Գտնում եմ, որ Արթուր Սարգսյանի իրավունքն արդեն 2 օր է խախտվում»,-ասաց Վարդևանյանը։

Պաշտպաններից մեկն էլ նկատեց, որ ԱԺ որոշումը՝ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին վերաբերում է 8-րդ գումարման ԱԺ պատգամավորին, ոչ թե 9-րդ գումարման։ Հանրային մեղադրողն էլ արձագանքեց, որ Արթուր Սարգսյանն այս պահին էլ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր է։

Ի վերջո, պաշտպանների ու հանրային մեղադրողի հակադարձումները, Արթուր Սարգսյանի ելույթներն ընդհատվեցին Բագրատ Սրբազանի դատարանի դահլիճ մուտքին հետևած ծափահարություններով ու բացականչություններով։ Հայտարարվեց ընդմիջում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում