ՌԴ-ն կարող է մինչև 30 հազար հյուսիսկորեացի զինվոր ներգրավել Ուկրաինայում մարտական գործողություններին․ The National Interest

ՌԴ-ն կարող է մինչև 30 հազար հյուսիսկորեացի զինվոր ներգրավել Ուկրաինայում մարտական գործողություններին․ The National Interest

Ռուսաստանը պատրաստվում է ընդունել մինչև 30 հազար լրացուցիչ զինծառայող Հյուսիսային Կորեայից։ Այդ մասին, հղում անելով ուկրաինական հետախուզության տվյալներին, գրում է The National Interest-ը։

Հրատարակության տեղեկություններով՝ Վորոնեժի մարզում արդեն ստեղծվում է անհրաժեշտ լոգիստիկ ենթակառուցվածքը՝ հնարավոր տեղափոխումն ապահովելու համար։ Եթե նախկինում Փհենյանի 11–14 հազար զինծառայող ներգրավվել էր միայն Կուրսկի մարզում, ապա այժմ, ըստ աղբյուրի, խոսքը վերաբերում է նրանց անմիջական մասնակցությանը Ուկրաինայի տարածքում ընթացող մարտական գործողություններին։

The National Interest-ի գնահատմամբ՝ նման համագործակցությունը շահավետ է երկու կողմերի համար։ Մոսկվան ձգտում է լրացնել կենդանի ուժի պակասը և խուսափել նոր զորահավաքից, իսկ Փհենյանը դրա դիմաց ստանում է ֆինանսական աջակցություն, պարեն, վառելիք, ժամանակակից ռազմական տեխնոլոգիաներ և իրական մարտական փորձ։

Միաժամանակ փորձագետները կասկածում են, որ հյուսիսկորեական ստորաբաժանումները բարձր արդյունավետություն կցուցաբերեն՝ մատնանշելով լեզվական խոչընդոտները, հրամանատարական համակարգերի տարբերությունները և լոգիստիկ դժվարությունները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում