ԱՄՆ-ում մտահոգված են զինվորականների տեսանյութերի միջոցով հետախուզական տվյալների հնարավոր արտահոսքով․ Reuters
Կարդացեք նաև
ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար Բրեդ Կուպերը նախազգուշացրել է Մերձավոր Արևելքում ծառայություն իրականացնող ամերիկացի զինծառայողներին համացանցում հրապարակվող լուսանկարների և տեսանյութերի միջոցով հետախուզական տվյալների հնարավոր արտահոսքի վտանգի մասին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Գործակալության տվյալներով՝ Կուպերը նշել է, որ Իրանը կարող է սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված նյութերն օգտագործել՝ գնահատելու ամերիկյան ռազմական օբյեկտների նկատմամբ իրականացված հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածների արդյունավետությունը։
Նրա ուղարկած գրության մեջ ընդգծվում է, որ զինծառայողների բջջային հեռախոսներով արված հրապարակումները, ինչպես նաև հարվածների վայրերից տարածվող լուսանկարներն ու տեսանյութերը հակառակորդին հնարավորություն են տալիս գրեթե իրական ժամանակում տեղեկություններ ստանալ հարվածների հետևանքների մասին։
Այդ կապակցությամբ Կուպերը անձնակազմին կոչ է արել առավել խստորեն պահպանել օպերատիվ անվտանգության կանոնները։
Reuters-ի աղբյուրների փոխանցմամբ՝ առաջիկայում մարտական գոտում գտնվող որոշ ամերիկացի զինծառայողների կարող են պարտավորեցնել հանձնել իրենց անձնական բջջային հեռախոսները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում