Իրանի քաղաքականությունը պետք է փոխվի, իսկ Ուկրաինայի նոր հնարավորությունները կարող են ճանապարհ բացել բանակցությունների համար․ Մարկո Ռուբիո

Իրանի քաղաքականությունը պետք է փոխվի, իսկ Ուկրաինայի նոր հնարավորությունները կարող են ճանապարհ բացել բանակցությունների համար․ Մարկո Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայի կողմից Ռուսաստանի խորքային շրջաններին հասցվող հեռահար հարվածները կարող են փոխել պատերազմի դինամիկան և որոշակի հնարավորություններ ստեղծել բանակցային գործընթացի համար։

Fox News-ին տված հարցազրույցում Ռուբիոն նշել է, որ վերջին ամիսներին ռուս-ուկրաինական հակամարտության բնույթը որոշակի փոփոխությունների է ենթարկվել։

«Վերջին մի քանի ամիսների ընթացքում այս հակամարտության դինամիկան որոշ չափով փոխվել է։ Ուկրաինան այժմ կարող է հեռահար հարվածներ հասցնել Ռուսաստանի խորքում՝ պատերազմն անմիջականորեն տեղափոխելով նրա բնակչության վրա», — ասել է նա։

Պետքարտուղարի խոսքով՝ Վաշինգտոնը պատրաստ է գնահատել, թե արդյոք ստեղծված իրավիճակը կարող է թեկուզ մասնակիորեն ճանապարհ հարթել հակամարտության խաղաղ կարգավորման և բանակցությունների վերսկսման համար։

Ռուբիոն անդրադարձել է նաև Իրանին՝ ընդգծելով, որ Թեհրանի վարած քաղաքականությունը պետք է փոխվի, նույնիսկ եթե երկրում իշխանափոխություն տեղի չունենա։

«Չեմ կարծում, որ Իրանի ռեժիմը երբևէ գործ է ունեցել այնպիսի նախագահի հետ, ինչպիսին նախագահ Դոնալդ Թրամփն է՝ մեկի, ով իրականում անցնում է գործողությունների», — նշել է նա։

Նրա խոսքով՝ խնդիրը ոչ այնքան իշխանափոխությունն է, որքան Իրանի ներկայիս քաղաքական կուրսի փոփոխությունը։

«Հնարավոր է՝ ռեժիմը չփոխվի, սակայն այն պարտավոր է փոխվել։ Նրանք ցանկանում են արտահանել հեղափոխությունը, և հենց դա պետք է փոխվի», — հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։

Ռուբիոն նաև պնդել է, որ Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների իրականացրած գործողություններն ու արձանագրած հաջողությունները որևէ երկրի գործողությունների հետևանքով չեն խոչընդոտվել։

«Այն ամենը, ինչ մենք ցանկացել ենք անել Մերձավոր Արևելքում, մեր որևէ գործողություն կամ հաջողություն չի խոչընդոտվել աշխարհի որևէ երկրի գործողությունների պատճառով», — եզրափակել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում