Թույլ չեմ տա, որ Իրանը վճար գանձի Հորմուզի նեղուցով անցնելու համար․ Դոնալդ Թրամփ
Կարդացեք նաև
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի թույլատրի Իրանին վճար գանձել Հորմուզի նեղուցով նավարկության համար։
«Ես թույլ չեմ տա, որ Իրանը վճար գանձի Հորմուզի նեղուցի համար։ Եթե որևէ մեկը պետք է վճար գանձի, ապա դա մենք կլինենք։ Մենք լիակատար վերահսկողություն ունենք», — ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Եվրոպան «ավելի լավ է ճանաչում, քան որևէ մեկը», այդ թվում՝ այն մարդիկ, որոնք ղեկավարում են եվրոպական երկրները։
Նա Մեծ Բրիտանիան անվանել է «սնանկացած երկիր»՝ նշելով, որ երկիրը կարող է հարստանալ, եթե ընդլայնի Հյուսիսային ծովում նավթի արդյունահանումը։ Թրամփի խոսքով՝ այդ դեպքում Միացյալ Թագավորությունը կկարողանա նույնիսկ անվճար էներգիա ապահովել բնակչությանը, իսկ պաշարները կարող են բավարարել պահանջարկը ևս 500 կամ նույնիսկ 1000 տարի։
Անդրադառնալով Մեծ Մանչեստրի քաղաքապետ Էնդի Բերնհեմին՝ Թրամփը նշել է, որ չի պատրաստվում նրան ասել, թե ինչպես կառավարի երկիրը, սակայն ընդգծել է, որ ներգաղթը Եվրոպայի համար լուրջ խնդիր է։
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ «ցանկացած երկիր, որտեղ կան հողմային էլեկտրակայաններ, դատապարտված է ձախողման»։
Թրամփը քննադատել է նավթային ընկերությունների շահույթները՝ նշելով, որ Chevron-ը և ExxonMobil-ը չափազանց մեծ եկամուտներ են ստանում։ Նրա խոսքով՝ եթե ընկերության շահույթը մեկ տարվա ընթացքում բազմապատկվում է, դրա մի մասը պետք է վերադարձվի հասարակությանը։
Նա հայտարարել է, որ ցանկանում է Իրանին տալ «վերջին հնարավորությունը»՝ նախքան իրավիճակի կտրուկ սրումը՝ հույս հայտնելով, որ Թեհրանը կփոխի իր դիրքորոշումը։
Թրամփը նաև պնդել է, որ իրեն զանգահարում են և խնդրում չհարձակվել Իրանի վրա՝ խոստանալով համաձայնության հասնել։ «Նրանք զանգահարում են ինձ և ասում․ «Խնդրում ենք, մի՛ հարձակվեք։ Մենք համաձայնություն կկնքենք»։ Սա իրականություն է, և բոլորը դա գիտեն», — հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում