Իրանը հայտնել է, որ համաձայնեցվել է Հորմուզի նեղուցով նավարկության երթուղին
Կարդացեք նաև
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով նավարկության հարցով Իրանի և Օմանի համատեղ հայտարարության նախապատրաստումը գտնվում է ավարտական փուլում։
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել է, որ երկու երկրների միջև բանակցությունները շարունակվում են արդեն շուրջ երկու ամիս։ Նրա խոսքով՝ դրանք ընթանում են մասնագիտական մթնոլորտում և հետևողական առաջընթաց են արձանագրում։
Բաղային նշել է, որ առաջարկվող նավարկության երթուղու աշխարհագրական կոորդինատներն արդեն համաձայնեցվել են, և եթե գործընթացին չմիջամտեն երրորդ կողմերը, համատեղ հայտարարությունը շուտով կհրապարակվի։
Միաժամանակ նա ընդգծել է, որ Իրանի և Օմանի միջև համաձայնությունն ինքնին չի կարող երաշխավորել Հորմուզի նեղուցով նավարկության անվտանգությունը։ Նրա խոսքով՝ նեղուցի փակմանը հանգեցրած պատճառները, այդ թվում՝ ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակումը, ինչպես նաև ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից շարունակվող սպառնալիքները, շարունակում են մնալ չլուծված։
Բաղային նաև հայտարարել է, որ մինչև ընթացիկ շաբաթվա ավարտը Իրանի արտաքին գործերի նախարարի կամ խորհրդարանի նախագահի այցեր Պակիստան և Կատար նախատեսված չեն։
Նրա խոսքով՝ Պակիստանն ու Կատարը շարունակում են լարվածության նվազեցմանն ուղղված ջանքերը, իսկ Իրանը նրանց հետ պահպանում է մշտական կապ և շարունակում է կարծիքների փոխանակումը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում