«Արևմտամետ բռնապետությո՞ւն, թե՞ ժողովրդավարություն»․ բրիտանական «The Critic»-ը՝ Հայաստանում Եկեղեցու դեմ արշավի և Արևմուտքի լռության մասին

«Արևմտամետ բռնապետությո՞ւն, թե՞ ժողովրդավարություն»․ բրիտանական «The Critic»-ը՝ Հայաստանում Եկեղեցու դեմ արշավի և Արևմուտքի լռության մասին

Բրիտանական հեղինակավոր The Critic պարբերականը հանդես է եկել ծավալուն հոդվածով, որտեղ անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ իրականացվող ճնշումներին և դրանց նկատմամբ արևմտյան կառույցների դիրքորոշմանը։  

Հոդվածագիր Փիթեր Ֆլյուն նշում է, որ Երևանում անցկացված Հայաստանի Հանրապետության երկրորդ աղոթքի նախաճաշը, որը ներկայացվում էր որպես հոգևոր հիմքերի վերանորոգման հարթակ, անցկացվել է խիստ լարված պայմաններում։ Ըստ հրապարակման՝ ի տարբերություն ամերիկյան սկզբնօրինակի երկկուսակցական ավանդույթի, հայաստանյան միջոցառմանը ընդդիմադիր գործիչներից քչերն էին ներկա, քանի որ երկրի խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները կալանավորված են։  

Պարբերականն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին։ Հոդվածում ընդգծվում է, որ հոգևորականների ու աշխարհականների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումները, ինչպես նաև Կաթողիկոսի ու եպիսկոպոսների նկատմամբ կիրառված սահմանափակումները միտված են Եկեղեցին պետությանը ենթարկեցնելուն։ Բրիտանացի պատգամավոր սըր Էդվարդ Լինը ԵԽԽՎ-ում տեղի ունեցածն անվանել է «մարդու իրավունքների և կրոնական ազատության կոպտագույն խախտում»։  

Ըստ հոդվածագրի՝ Եկեղեցու նկատմամբ արշավը պատասխան է նրա կողմից հնչող քննադատությանը, հատկապես Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումներից հետո Հայաստանի շահերը պաշտպանելու անկարողության վերաբերյալ։ Նշվում է նաև, որ Եկեղեցու ենթարկեցումը կլռեցներ կառավարության ռազմավարական մոտեցման ամենաազդեցիկ անկախ քննադատին, ինչը ձեռնտու է Բաքվին ու Անկարային։  

The Critic-ն արձանագրում է, որ արևմտյան կառույցներն ու Եվրոպական Միությունը, ի դեմս Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Կայա Կալասի, լռություն են պահպանում Եկեղեցու կացության և ժողովրդավարական հետընթացի վերաբերյալ։ Հոդվածում մեջբերվում է նաև Human Rights Watch-ի նախկին ղեկավար Քենեթ Ռոթի հարցադրումը, թե արդյոք ԵՄ-ն ցանկանում է, որ Հայաստանը պարզապես դառնա արևմտամետ բռնապետություն, թե՞ իսկապես ձգտում է ժողովրդավարության։

Հետևեք մեզ նաև Telegram-ում