Շախմատային նորություններ. հայ շախմատիստները տարբեր առաջնություններում
Նմանատիպ
Գրոսմայստեր Գիորգի Բագատուրովը (Վրաստան) Բուլղարիայի Վառնա քաղաքում ավարտված օփենում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ բաժանեց 2-4-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Բագատուրովին շնորհվեց երրորդ մրցանակը: Այս մասին տեղեկացնում է armchess.am կայքը:
Միջազգային վարպետ Վալենտին Փամբուկչյանը (Բուլղարիա) վաստակեց 5,5 միավոր եւ 74 մասնակիցների մեջ գրավեց 16-րդ տեղը:
8 միավորով մրցաշարի հաղթող դարձավ բուլղարացի գրոսմայստեր Իվան Չեպարինովը:
Ըստ աղբյուրի, մեկ այլ հայ շախմատիստ, Սյուզան Մուրադյանը, Բեյրութում ավարտված Լիբանանի կանանց առաջնությունում 5 հնարավորից վաստակեց 4,5 միավոր եւ հռչակվեց երկրի չեմպիոնուհի:
Սյուզանը կես միավորով առաջ անցավ իր քրոջից’ միջազգային վարպետ Քնարիկ Մուրադյանից, որը դարձավ Լիբանանի փոխչեմպիոնուհի:
Գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը եւ Հրանտ Մելքումյանը ս. թ. հուլիսի 23 ից մինչեւ օգոստոսի 3-ը կմասնակցեն Շվեյցարիայի Բիլ քաղաքում անցկացվելիք ավանդական խոշոր օփենին:
Միեւնույն ժամանակ Բիլի փառատոնի շրջանակներում կանցկացվի շրջանային մրցաշար, որի մասնակիցների մեջ է Մագնուս Կարլսենը: