3. $366 մլն 50 դպրոցի համար․ կառավարությունը հաստատեց ԱԶԲ-ի հերթական վարկային համաձայնագիրը

3. $366 մլն 50 դպրոցի համար․ կառավարությունը հաստատեց ԱԶԲ-ի հերթական վարկային համաձայնագիրը

Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 3-ի նիստում որոշում է կայացրել 293 միլիոն դոլարի նոր վարկային համաձայնագիր ստորագրել Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ։ Միջոցները նախատեսվում է ուղղել Սեյսմիկ անվտանգության բարելավման երրորդ ծրագրի շրջանակում 50 դպրոցի կառուցմանը և հարակից աշխատանքներին։

Ծրագրի ընդհանուր նախահաշիվը կազմում է շուրջ 366 միլիոն դոլար։ Գումարի 80,1%-ը (293 մլն դոլար) ֆինանսավորվելու է վարկային միջոցներով, իսկ մնացած 19,9%-ը (73 մլն դոլար) հատկացվելու է պետական բյուջեից՝ որպես համաֆինանսավորում։

Ըստ որոշման՝ ներգրավված միջոցները, բացի բուն շինարարությունից, ծախսվելու են նաև աղետների ռիսկերի կառավարման, քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և ոլորտային այլ աշխատանքների վրա։

Սեյսմիկ անվտանգության ծրագիրը Հայաստանում իրականացվում է 2016 թվականից։ Անցած տարիների ընթացքում ավարտվել է 29 դպրոցի շինարարություն, իսկ 17-ում աշխատանքները դեռ շարունակվում են։ Շահագործման հանձնված օբյեկտներում սովորում է ավելի քան 15 հազար աշակերտ։

Ծրագրի առաջին երկու փուլերով Հայաստանն արդեն ներգրավել էր 81,5 միլիոն դոլար և 54,2 միլիոն եվրո վարկային միջոցներ։ 2026 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ դրանցից ծախսվել է համապատասխանաբար 79,3 միլիոն դոլարն ու 49,6 միլիոն եվրոն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում