«Մենք նրանց ոտքերը կկոտրենք»․ Ալի Աքբար Վելայաթիի կոշտ նախազգուշացումը Նիկոլ Փաշինյանին

«Մենք նրանց ոտքերը կկոտրենք»․ Ալի Աքբար Վելայաթիի կոշտ նախազգուշացումը Նիկոլ Փաշինյանին

Իրանի նախկին արտգործնախարար, երկրի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով նախկին խորհրդական Ալի Աքբար Վելայաթին իրանական «Ettelaat» պարբերականում հրապարակված հոդվածում կոշտ քննադատության է ենթարկել Հայաստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը։ «Բաց և անկեղծ՝ պարոն վարչապետի հետ» խորագիրը կրող հրապարակման մեջ իրանական բարձրաստիճան դիվանագետը պնդել է, որ Նիկոլ Փաշինյանի վարչակազմը հետևողականորեն խորացնում է երկրի կախվածությունը արևմտյան երկրներից՝ մասնավորապես ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից։

Վելայաթին առանձնահատուկ կերպով անդրադարձել է TRIPP նախագծին՝ այն բացահայտորեն որակելով որպես Իրանի ազգային անվտանգությանն ու շահերին հակասող վտանգավոր նախաձեռնություն։ Հիշեցնելով 2021 թվականին Թեհրանում կայացած բարձր մակարդակի հանդիպումները՝ նա նշել է, որ Իրանի այն ժամանակվա գերագույն առաջնորդը Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հետ զրույցներում կտրականապես դեմ է արտահայտվել տարածաշրջանում որևէ միջանցքի, մասնավորապես՝ Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը։

Անդրադառնալով դիվանագիտական խողովակներին՝ Վելայաթին բացահայտել է Հայաստանի դեսպանի հետ ունեցած իր առանձնազրույցի մանրամասները։ Նա հայտարարել է, որ անձամբ զգուշացրել է դեսպանին Իրանի համար անհաղթահարելի «կարմիր գծերի» մասին․ «Հայաստանի դեսպանին բացահայտ ասացի, որ եթե Թրամփն ու նրա դաշնակիցները փորձեն հատել Իրանի այդ կարմիր գիծը, մենք նրանց ոտքերը կկոտրենք»։ Հոդվածի ավարտին իրանական պաշտոնյան կոշտ գնահատականի է արժանացրել նաև Հայաստանի խորհրդարանում միջանցքի կառուցման հարցով հնարավոր որոշումների ընդունումը՝ հավելելով, որ Փաշինյանի և նրա թիմի նման քայլերը կարող են ամոթալի լինել հայ ժողովրդի համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում