«Եվրատեսիլ-2027»․ Ղազախստանին թույլ չեն տվել մասնակցել մրցույթին, թեև Ավստրալիան ու Կանադան ընդգրկված են

«Եվրատեսիլ-2027»․ Ղազախստանին թույլ չեն տվել մասնակցել մրցույթին, թեև Ավստրալիան ու Կանադան ընդգրկված են

Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) մերժել է Ղազախստանի ներկայացրած հայտը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ESC News ալիքը՝ նշելով, որ մասնակցության պաշտոնական հայտը ներկայացրել էր ղազախական պետական «Խաբար» գործակալությունը։

EBU-ի պաշտոնական պարզաբանման համաձայն՝ կազմակերպությանը լիիրավ անդամակցությունը, հետևաբար նաև «Եվրատեսիլին» մասնակցությունը, հասանելի է միայն այն երկրներին, որոնք աշխարհագրորեն գտնվում են Եվրոպական հեռարձակման գոտում, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի անդամ կամ դիտորդ պետություններին։

«Ղազախստանը չի համապատասխանում այս չափանիշներից ևոչ մեկին։ Սրա հետ կապված՝ «Խաբար» գործակալությունն այս պահին չի կարող հավակնել լիիրավ անդամակցության»,- նշված է EBU-ի հայտարարության մեջ։

Չնայած Ղազախստանի տարածքի մի մասը աշխարհագրորեն գտնվում է Եվրոպայում, երկիրը ներառված չէ Եվրոպական հեռարձակման գոտում։ Politico պարբերականը նկատում է, որ EBU-ն հրաժարվել է բացառություն անել Ղազախստանի համար, թեև մրցույթին արդեն մի քանի տարի մասնակցում է Ավստրալիան, իսկ 2027 թվականից նախատեսվում է նաև Կանադայի մասնակցությունը։

Հատկանշական է, որ Ղազախստանը նախկինում հինգ անգամ մասնակցել է «Մանկական Եվրատեսիլին»՝ երկու անգամ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում