Կարպիս Փաշոյան․ «Հիքմետ Հաջիևը Գանձասարում կեղծում է պատմությունը օտարերկրյա դիվանագետների աչքի առջև»
Կարդացեք նաև
Հանրային գործիչ, հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանում ակրեդիտացված դիվանագետների այցին օկուպացված Արցախ և Հիքմետ Հաջիևի կողմից հայկական պատմամշակութային ժառանգության յուրացման փորձերին։
«Ադրբեջանի շովինիստական ռեժիմի ներկայացուցիչ Հիքմետ Հաջիևը Ադրբեջանում ակրեդիտացված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին տարել է Արցախ՝ իբրև թե ցուցադրելու այն, ինչ ինքն անվանում է «աղվանական քրիստոնեական ժառանգություն»։ Հակահայկական բացահայտ թշնամանքով Հաջիևը պատմությունն է կեղծում ամբողջ աշխարհի աչքի առջև՝ հայկական պատմական ժառանգությունը ներկայացնելով որպես աղվանական։ Ի՞նչ է սա, եթե ոչ մշակութային ցեղասպանություն հայ ժողովրդի նկատմամբ։
Ըստ միջնադարյան բոլոր աղբյուրների՝ Գանձասարի վանական համալիրը հայկական է։ Հասան-Ջալալյանները հայեր էին, Խաչենը՝ հայկական իշխանություն։ Սրանք փաստեր են, որոնք միջազգային գիտական շրջանակներում որևէ լուրջ կասկած չեն հարուցում՝ հիմնավորված առաջին հերթին վանական համալիրում պահպանված հայերեն արձանագրություններով ու խաչքարերով, ինչպես նաև գրավոր պատմական աղբյուրներով։
Գանձասար այցելած դիվանագետների մտքով չի՞ անցնում հարցնել իրենք իրենց, թե որ լեզվով են գրված դրանց պատերին ու խաչքարերին փորագրված տեքստերը։ Աղվաներե՞ն, թե՞ ադրբեջաներեն։ Թե՞ նրանք պարզապես պատրաստ են ընդունել Ադրբեջանի մշակութային-ցեղասպան քաղաքականությունը և եվրոպական ժպիտով հանդուրժել ցանկացած կեղծիք։
Հիքմետ Հաջիևի սինիզմը հասնում է նրան, որ իր տգիտությամբ ծաղրում է հայ ժողովրդին՝ իբր թանգարանում դատարկ և կեղծ ձեռագրեր ցուցադրելու համար։ Թերևս Հաջիևը, չնայած իր եվրոպական կրթությանը, երբեք չի այցելել Եվրոպայի թանգարաններ և չգիտի, որ ցուցասրահներում բնօրինակի փոխարեն կրկնօրինակ ցուցադրելը ընդունված պրակտիկա է։ Թե՞ նա սպասում էր, որ հայերը իրենց ամենանվիրական ձեռագրերը թողնելու էին բարբարոսների հսկողության տակ ու պարզապես հեռանային։
Պատմական միջավայրը կեղծելու փորձով Հաջիևը նույնիսկ աղավաղել է տապանաքարի վրա փորագրված անունը՝ դիտավորյալ անտեսելով Հասան Ջալալյան Ներսես Ալլահբերդիբեկովիչի անունը։
Բոլոր այն դիվանագետները, ովքեր մասնակցել են այս խայտառակ կեղծարարությանը, այդ թվում՝ ԵՄ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն, իրենց լռությամբ փաստացի լեգիտիմացնում են հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն ու հայերի էթնիկ զտումները»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում