Պենտագոնում ռազմամթերքի պակաս են արձանագրել. Թրամփը հակադարձում է
Կարդացեք նաև
ԱՄՆ պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչի զեկույցը փաստում է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունները հանգեցրել են ամերիկյան բանակում ռազմամթերքի և ժամանակակից սպառազինության լուրջ դեֆիցիտի: Փետրվարի 28-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում «Epic Fury» գործողության ծախսերը գնահատվել են 33,4 միլիարդ դոլար, որից 22,3 միլիարդը ծախսվել է բացառապես ռազմամթերքի վրա:
Կոնգրեսին ներկայացված փաստաթղթում նշվում է, որ սպառազինության լայնամասշտաբ կիրառումը հանգեցրել է պաշարների «ստրատեգիական կորուստների» և ի ցույց է դրել ամերիկյան ռազմարդյունաբերության դանդաղատելությունը: Փորձագետների գնահատմամբ՝ բարձր ճշգրտության հրթիռների և հակաօդային հրթիռների պաշարները նախկին մակարդակին հասցնելու համար կարող է պահանջվել շուրջ երեք տարի: Զեկույցում արձանագրված են նաև տեխնիկական էական կորուստներ. ոչնչացվել են F-15 տեսակի չորս կործանիչ, վնասվել է մեկ F-35, ինչպես նաև վնասվել կամ ոչնչացվել են KC-135 տեսակի յոթ ինքնաթիռ-լիցքավորիչներ: Բացի այդ, ԱՄՆ-ն կորցրել է մինչև 30 միավոր MQ-9 Reaper անօդաչու թռչող սարք:
Իրանական հարվածների հետևանքով ծանր վնասներ են կրել նաև Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաները: Քուվեյթում, Բահրեյնում, Կատարում, ԱՄԷ-ում, Սաուդյան Արաբիայում, Իրաքում, Օմանում և Հորդանանում վնասվել կամ ոչնչացվել են հարյուրավոր շինություններ: Այս վնասների վերականգնման ծախսերը նշված 33,4 միլիարդ դոլարի մեջ ներառված չեն:
Մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով ներկայացված հաշվետվությունը, հայտարարել է, որ բանակի ռազմամթերքի պաշարները «գրեթե անսահմանափակ են», իսկ սպառազինության արտադրությունը հասել է ռեկորդային ցուցանիշների:
Հետևեք մեզ նաև Telegram-ում