Եվրոմիությունը պատրաստվում է արգելել սոցցանցերն ու AI-չաթբոտերը մինչև 15 տարեկան երեխաների համար

Եվրոմիությունը պատրաստվում է արգելել սոցցանցերն ու AI-չաթբոտերը մինչև 15 տարեկան երեխաների համար

Եվրոպական հանձնաժողովը պատրաստվում է ներկայացնել «EU Kids Act» օրենսդրական նախագիծը, որով նախատեսվում է արգելել մինչև 15 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր և տեսահարթակներ առանց ծնողների համաձայնության, ինչպես նաև անվտանգության նոր պահանջներ սահմանել առցանց խաղերի ու արհեստական բանականությամբ գործող չաթբոտերի համար։ Euronews-ին հասանելի դարձած փաստաթղթի համաձայն՝ տեխնոլոգիական ընկերությունները պարտավորեցվելու են իրենց ծառայություններն ի սկզբանե նախագծել անվտանգային բարձր չափանիշներով։

Սահմանափակումները ներդրվելու են փուլ առ փուլ։ Մինչև 3 տարեկան երեխաներին ամբողջությամբ կարգելվի սոցցանցերի ու ռիսկային հարթակների օգտագործումը։ 3-ից 13 տարեկան երեխաները կկարողանան օգտվել միայն մանկական հատուկ ծառայություններից՝ մեծահասակների հսկողությամբ, իսկ 13-ից 15 տարեկան դեռահասներին թույլատրվելու է սահմանափակ ֆունկցիոնալով մուտք գործել սոցցանցեր՝ ծնողների թույլտվությամբ։ Օգտատերերի տարիքի ստուգման համար Meta-ն, Google-ը և այլ ընկերություններ պարտավորված կլինեն կիրառել համաեվրոպական վերիֆիկացման համակարգեր։

Օրինագիծն արգելում է նաև կախվածություն առաջացնող ինտերֆեյսային լուծումները, ինչպիսիք են անվերջ էջաթերթումը, ագրեսիվ ծանուցումներն ու խրախուսման մեխանիզմները։ Ալգորիթմները պետք է մշակվեն այնպես, որպեսզի կանխվի անվերջանալի բովանդակության թակարդն ընկնելը, իսկ անչափահասների հաշիվներն ավտոմատ կերպով դարձվելու են փակ։

Եվրոհանձնաժողովը նաև առաջարկում է կանոնների պահպանման ապացուցման բեռը դնել հենց տեխնոլոգիական հսկաների վրա, որոնք նոր ֆունկցիաներ ներդնելուց առաջ պետք է ստանան ԵՄ համաձայնությունը և վճարեն վերահսկողական վճարներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում