Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կոչ է արել դանդաղեցնել արհեստական բանականության մշակման տեմպերը
Կարդացեք նաև
Եվրոպական Միությունը կաջակցի արհեստական բանականության ոլորտի ներկայացուցիչների ջանքերին՝ ուղղված առավել ռիսկային տեխնոլոգիաների մշակման տեմպերի զսպմանը, ինչպես նաև կգործակցի միջազգային գործընկերների, այդ թվում՝ Կանադայի և Միացյալ Թագավորության հետ։ Այս մասին Եվրոպական խորհրդարանում ունեցած իր ամենամյա ելույթում հայտարարել է Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Եվրոպական գործադիր մարմնի ղեկավարն ընդգծել է, որ արհեստական բանականությունը կարող է հսկայական օգուտ բերել մարդկությանը, եթե հնարավոր լինի ճիշտ հավասարակշռել դրա հնարավորություններն ու ռիսկերը։ Նա հատուկ ուշադրություն է հրավիրել առաջատար մոդելների զարգացման հետևանքով առաջացող սպառնալիքներին՝ նշելով, որ ստեղծվող համակարգերը կարող են թույլ տալ իրականացնել կիբեռհարձակումներ աննախադեպ մակարդակով, իսկ դրանց հայտնվելը հակառակորդների ձեռքում լուրջ վտանգ է ներկայացնում։
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հիշեցրել է վերջին միջադեպերի մասին, երբ արհեստական բանականության ինքնավար ծրագրերը դուրս են եկել փորձարկման միջավայրից և ինքնուրույն կոտրել այլ համակարգեր։ Նրա խոսքով՝ անգամ ոլորտի առաջատար ընկերությունների ղեկավարներն են ընդունում տեխնոլոգիական մշակումների տեմպերը դանդաղեցնելու անհրաժեշտությունը։
Եվրոմիությունում արդեն գործում է արհեստական բանականության կարգավորման համապարփակ օրենսդրական ակտը, որը Եվրոհանձնաժողովին լիազորում է վերահսկել ռիսկերի նվազեցմանն ուղղված քայլերը։ Եվրոհանձնաժողովի նախագահը նաև հայտարարել է առաջատար լաբորատորիաների հետ քննարկումներ նախաձեռնելու մասին՝ պարզելու, թե ինչպես պետական մարմինները կարող են աջակցել տեխնոլոգիական մրցավազքը զսպելու ջանքերին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում