«Արհեստական բանականությունը կարող է ոչնչացնել մարդկությանը»․ տեխնո-հսկաների բախումը վերածվել է պատերազմի

«Արհեստական բանականությունը կարող է ոչնչացնել մարդկությանը»․ տեխնո-հսկաների բախումը վերածվել է պատերազմի

Արհեստական բանականության ապագայի շուրջ ընթացող սուր քննարկումները տեխնոլոգիական աշխարհը բաժանել են երկու հակադիր ճամբարների, մինչդեռ խոշոր կորպորացիաները փորձում են մանևրել դրանց միջև։ Տեխնոլոգիայի զարգացման տեմպերի շուրջ տարակարծությունները ձևավորել են երկու հիմնական ուղղություն, որոնք համացանցային քննարկումներում ստացել են «դումերների» (աղետ կանխատեսողների) և «բուստերների» (արագացման կողմնակիցների) անվանումները։

«Դումերների» ճամբարում են այն փորձագետներն ու գործարարները, որոնք ահազանգում են արհեստական բանականության էկզիստենցիալ վտանգների մասին։ Այս դիրքորոշման վառ ներկայացուցիչն է Anthropic ընկերության համահիմնադիր Դարիո Ամոդեին, որը հեռացել էր OpenAI-ից՝ համարելով, որ Սեմ Օլթմանը բավարար լրջությամբ չի մոտենում տեխնոլոգիայի ռիսկերին։ Ամոդեին ընդգծում է, որ անհրաժեշտ է դանդաղեցնել AI մոդելների զարգացման տեմպերը, որպեսզի անվտանգության համակարգերը հասցնեն հետևել դրանց։ Այս խմբին են հարում նաև գիտնականներ Ջեֆրի Հինթոնը, Յոշուա Բենջիոն և MIT-ի ֆիզիկոս Մաքս Թեգմարկը, ովքեր նույնպես կոչ են անում ժամանակավորապես կանգնեցնել առաջատար համակարգերի մշակումը։

Հակառակ ճամբարում են արագացման կողմնակիցները (աքսելերացիոնիստները), որոնք հավատում են անսահմանափակ տեխնոլոգիական առաջընթացին և հանդես են գալիս ցանկացած պետական կարգավորման դեմ։ Այս ուղղության ազդեցիկ ներկայացուցիչներից են վենչուրային ներդրող Մարկ Անդրեեսենը, Դևիդ Սաքսը և Y Combinator-ի ղեկավար Գարի Թանը։ Նրանք «դումերներին» մեղադրում են «ապոկալիպսիսի պաշտամունք» ձևավորելու և խոշոր ընկերությունների շահերը սպասարկելու մեջ։

Այս ճամբարին է հարում նաև Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգը, ում ընկերության չիպերը հանդիսանում են արհեստական բանականության հիմնական շարժիչ ուժը։ Հուանգը մարդկության ոչնչացման մասին կանխատեսումներն անվանում է «լիակատար ցնդաբանություն»։ Միևնույն ժամանակ OpenAI-ն, Google-ը, Microsoft-ն ու Amazon-ը փորձում են պահպանել հավասարակշռությունը՝ խոսելով անվտանգության մասին, բայց միաժամանակ արագացնելով իրենց մշակումները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում