«Հայաստանի բարօրությունը կավարտվի մի քանի օրում». Pravda.ru-ն անդրադարձել է ռուսական գազի գնի հնարավոր թանկացմանը
Կարդացեք նաև
Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունն ու Եվրոպական Միության հետ մերձեցումը կարող են լուրջ տնտեսական հետևանքներ ունենալ Երևանի համար, իսկ ռուսական գազի գնի վերանայումը սպառնում է դառնալ Հայաստանի ամենախոցելի կետը։ Այս մասին գրում է ռուսական Pravda.ru պարբերականը՝ հղում անելով քաղաքագիտության դոկտոր, Մոսկվայի պետական համալսարանի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի առաջատար մասնագետ Լյուդմիլա Ադիլովայի վերլուծությանը։
Pravda.ru-ի փոխանցմամբ՝ Երևանում ծայրահեղ ցավոտ են ընդունում վառելիքի մատակարարման պայմանների հնարավոր փոփոխության վերաբերյալ ցանկացած ազդակ։ Հատկանշական է, որ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ռուսական գազի թանկացման սցենարն անվանել էր «ապոկալիպտիկ երևույթ»՝ ընդգծելով, որ նման քայլն անխուսափելիորեն կհանգեցնի ազգային տնտեսության ծավալուն կրճատմանը։
Ադիլովան Pravda.ru-ի հետ զրույցում նշել է, որ Ռուսաստանից մատակարարվող էներգառեսուրսների և այլ ապրանքների կտրուկ թանկացումը կարող է ցույց տալ Երևանին բազմամյա կապերի խզման իրական հետևանքները։ Ըստ փորձագետի՝ գազի գնի ենթադրյալ աճը տրամաբանական պատասխան կլիներ ոչ բարեկամական քայլերին։
«Սա ազդեցության լիովին ցուցադրական ակտ կլիներ։ Կարծում եմ՝ դա նույնիսկ անհրաժեշտ է անել, բայց Ռուսաստանը չի գնա դրան։ Մենք շատ լոյալ և մեղմ ենք վերաբերվում, սովոր ենք բարյացակամ, եղբայրական հարաբերությունների»,- Pravda.ru-ի հետ զրույցում ընդգծել է քաղաքագետը։
Փորձագետը հիշեցրել է, որ շատ պետությունների, այդ թվում՝ եվրոպական, բարօրությունը երկար ժամանակ հիմնված է եղել հասանելի ռուսական ռեսուրսների վրա, և այդ հիմքի անհետացումից հետո սոցիալական ու տնտեսական կայունությունն ավարտվում է։
«Հայաստանի բարօրությունը կավարտվի բառացիորեն մի քանի օրում, եթե նրանք զրկվեն այն ամենից, ինչ ստանում են Ռուսաստանից»,- նշել է Ադիլովան Pravda.ru-ին։
Pravda.ru-ն նաև ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ ագրարային ոլորտի մասնագետները ֆիքսում են հայկական արտահանման հիմնական ճյուղերի առջև ծառացած սպառնալիքները՝ Մոսկվայի կողմից կարգավորող միջոցառումների խստացման ֆոնին։ Պարբերականի գնահատմամբ՝ չնայած քաղաքական ամբիցիաներին, եվրոպական աջակցությունը հաճախ կրում է միայն հռչակագրային բնույթ և ի վիճակի չէ փոխարինել եվրասիական շուկան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում