Արցախի էթնիկ զտման օրը՝ փառատոնների ֆոնին․ Շահվերդյանը բարձրացնում է հանրային համերաշխության հարցը
Կարդացեք նաև
Արցախի մշակույթի նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած հրապարակմամբ անդրադարձել է սեպտեմբերի 19-ին Հայաստանում նախատեսված զանգվածային տոնակատարություններին, փառատոններին ու համերգներին։ Շահվերդյանն իր գրառման մեջ բարձրացրել է հանրային բարոյականության ու համերաշխության հարցը՝ շեշտելով, որ այդ օրն արցախահայության համար ասոցացվում է 2023 թվականի էթնիկ զտման, հայրենազրկման և ողբերգական կորուստների հետ։
Իր հրապարակման մեջ Սերգեյ Շահվերդյանը մասնավորապես նշել է․
«Սեպտեմբերի 19-ին Հայաստանում նախատեսված են միանգամից չորս բազմամարդ փառատոններ՝ երեքը Երևանում և մեկը Խաչիկ գյուղում, ինչպես նաև մեծ տոնական համերգ Կապանում։ Փառատոններ, երաժշտություն, զվարճանք, տոնական մթնոլորտ․ և այս ամենը՝ սեպտեմբերի 19-ին։ Մի օր, որն արցախցիների համար կապված է 2023 թվականի ազգային աղետի մեկնարկի, Հայրենիքի կորստի և Արցախի ամբողջ հայ բնակչության տեղահանման հետ։ Նույն օրը հազարավոր արցախցիներ մասնակցելու են Եռաբլուրում «Լռության երթին»՝ հարգելով զոհվածների հիշատակն ու վերապրելով իրենց կյանքը փոխած ողբերգությունը»։
Արցախի նախկին պաշտոնյան ընդգծել է, որ ոչ ոք չի պահանջում ամբողջությամբ կանգնեցնել առօրյա կյանքը, սակայն լուրջ տարբերություն կա սովորական կյանքի և նման մասշտաբի հանրային տոնակատարությունների կազմակերպման միջև, որոնք հնարավոր էր տեղափոխել։
«Մենք կարող ենք որքան ասես խոսել ազգային միասնության, միասնական ժողովրդի և համերաշխության մասին։ Բայց համերաշխությունը ստուգվում է ոչ թե խոսքերով, այլ հենց նման պահերին։ Տոնը կարելի է անցկացնել վաղը։ Հիշողությունն ու հարգանքը տեղափոխել հնարավոր չէ»,- եզրափակել է Շահվերդյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում