«Պաղեստինի հարցը» պառակտել է երաժշտական աշխարհը․ Էդ Շիրանի տուրի շուրջ բռնկված հակասությունն ու կողմերի փաստարկները

Բրիտանացի երգիչ Էդ Շիրանի համաշխարհային համերգաշարի շուրջ ծավալված սկանդալը շարունակում է մնալ համաշխարհային շոու-բիզնեսի և մեդիայի ուշադրության կենտրոնում։ Իրավիճակը կտրուկ լարվեց այն բանից հետո, երբ պաղեստինամետ հայտարարություններ անելու համար տուրից հեռացվեց ռեփեր Մաքլեմորը, ինչին հետևեց աջակցող երաժիշտների մասսայական հրաժարումը մասնակցությունից, իսկ Pink Floyd-ի հիմնադիր Ռոջեր Ուոթերսն ու մի շարք արտիստներ խիստ քննադատության ենթարկեցին Շիրանին։

Մյուս կողմից, Էդ Շիրանն ու նրա աջակիցները պնդում են, որ արտիստը հայտնվել է անելանելի իրավիճակում։ Շիրանի պարզաբանմամբ՝ ինքը պատասխանատվություն չի կրում ռեփերին տուրից հեռացնելու որոշման համար, քանի որ ստադիոնների սեփականատերերն ու կազմակերպիչները սպառնացել են ամբողջությամբ չեղարկել համերգաշարը։ Բրիտանացի երգիչը շեշտել է, որ իր նպատակն է չհիասթափեցնել տոմսեր գնած երկրպագուներին և չզրկել աշխատանքից իր տեխնիկական անձնակազմին ու երաժիշտներին, ովքեր կախված են այս տուրից։ Շիրանի դիրքորոշմանը համամիտ է նաև Մեծ Բրիտանիայի մշակույթի նախարար Լիզա Նենդին՝ նշելով, որ արտիստին դրել են «անհնարին պայմանների» մեջ, մինչդեռ երաժշտական հարթակները պետք է զերծ մնան քաղաքականացումից։

Չնայած այս հիմնավորումներին, քննադատները, այդ թվում՝ Ֆինեասը, Beoga խումբը և ԱՄՆ կոնգրեսական Ալեքսանդրիա Օկասիո-Կորտեսը, շարունակում են պնդել, որ խոշոր կապիտալն ու ստադիոնների սեփականատերերը ճնշում են բանեցնում արտիստների վրա՝ խլացնելով Գազայում տեղի ունեցող իրադարձությունների մասին բարձրաձայնող ձայները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում