25 միլիարդ դրամ՝ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման համար. կառավարությունը հավանություն է տվել նոր փաթեթին
Կարդացեք նաև
2027 թվականի հունվարի 1-ից Հայաստանի իշխանության տարբեր ճյուղերի բարձրաստիճան ներկայացուցիչների պաշտոնային դրույքաչափերը էականորեն կբարձրանան։ Կառավարությունը սեպտեմբերի 17-ի նիստում հավանություն է տվել օրենսդրական փաթեթին, որի իրականացման համար պետական բյուջեից տարեկան հավելյալ ավելի քան 25 միլիարդ դրամ է պահանջվելու։
Աշխատավարձերի բարձրացումը կվերաբերբերի պետական ապարատի տասնյակ հազարավոր աշխատակիցների, այդ թվում՝ երկրի ղեկավարությանը, նախարարներին, պատգամավորներին, դատավորներին և իրավապահ մարմինների ղեկավարներին։
Ըստ նախագծի՝ Նիկոլ Փաշինյանի աշխատավարձը կբարձրանա շուրջ 1.7 անգամ՝ ներկայիս 1.58 միլիոնից հասնելով 2.66 միլիոն դրամի։ Նույնքան կազմելու է նաև նախագահի աշխատավարձը։ Ազգային ժողովի նախագահի դրույքաչափը կսահմանվի շուրջ 2.5 միլիոն դրամ, իսկ փոխվարչապետինը՝ 2.16 միլիոն դրամ (1.29 միլիոնի փոխարեն)։
Նախարարների աշխատավարձերը կկրկնապատկվեն՝ 998 հազարից հասնելով մոտ 2 միլիոն դրամի։ Պատգամավորների դրույքաչափը 832 հազարից կբարձրանա մոտ 1.5 միլիոն դրամի (1.8 անգամ)։ Սահմանադրական դատարանի նախագահի աշխատավարձը կկազմի 2.41 միլիոն դրամ, Գլխավոր դատախազինը՝ 1.83 միլիոն, իսկ մարզպետներինը՝ 1.46 միլիոն դրամ։
Իշխանությունները աշխատավարձերի կտրուկ բարձրացումը հիմնավորում են պետական ծառայությունը մրցունակ դարձնելու և որակյալ մասնագետներ ներգրավելու անհրաժեշտությամբ։ Միևնույն ժամանակ նախատեսվում է վճարումների մի մասը կապել գերատեսչությունների և աշխատակիցների արդյունավետության ցուցանիշների հետ։
Փոփոխությունների առանձին բլոկ է վերաբերում տեղական ինքնակառավարման մարմիններին, որտեղ նույնպես նախատեսվում է համայնքների ղեկավարների դրույքաչափերի բարձրացում և հավելավճարների ներդրում։
Հատկանշական է, որ աշխատավարձերի այս բարձրացումը հաջորդում է պարգևատրումների նոր համակարգի ներդրմանը․ 2026 թվականի հուլիսին կառավարությունն արդեն իսկ 5 միլիարդ դրամ էր հատկացրել պաշտոնյաներին պարգևատրելու համար, ընդ որում՝ դրույքաչափերի ավելացումը չի չեղարկելու արդյունավետության համար տրվող հավելյալ պարգևատրումները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում