Խոշտանգումներ, կապի արգելք ու խախտումներ Ումբակիի բանտում․ Ռուբեն Վարդանյանի ահազանգը Բաքվից

Խոշտանգումներ, կապի արգելք ու խախտումներ Ումբակիի բանտում․ Ռուբեն Վարդանյանի ահազանգը Բաքվից

Ադրբեջանի Ումբակի քրեակատարողական համալիրում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանը հրապարակային աուդիոուղերձ է հղել Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային՝ ահազանգելով Բաքվի բանտերում հայ բանտարկյալների իրավունքների համակարգային ու կոպիտ խախտումների մասին։

Իր դիմումում Վարդանյանը մանրամասն ներկայացնում է, թե ինչպես են ադրբեջանական իշխանությունները ոտնահարում անգամ սեփական օրենսդրությունը, Պատիժների կատարման օրենսգիրքն ու դատապարտյալների իրավունքների վերաբերյալ պաշտոնական ուղեցույցները։

Ադրբեջանական բանտում պահվող Հայաստանի 19 քաղաքացիները փաստացի զրկված են ընտանիքների հետ կապի տարրական հնարավորությունից․ բացակայում են ամենշաբաթյա հեռախոսազանգերն ու տեսազանգերը, ինչի հետևանքով ոմանք շուրջ երեք տարի չեն տեսել իրենց երեխաներին։ Իրավիճակը կտրուկ վատթարացել է Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գործունեության դադարեցումից հետո, ինչից հետո հայ բանտարկյալները զրկվել են ծանրոցներ կամ նամակներ ստանալու վերջին ուղուց։ Ֆինանսական միջոցների բացակայության պատճառով շատերը նույնիսկ չեն կարողանում բանտային խանութից սնունդ գնել կամ զանգահարել։

Բացի այդ, արձանագրված խախտումների թվում են սեփական միջոցներով բժշկական հետազոտություններ անցնելու և նոտարական լիազորագրեր ձևակերպելու մերժումները, ինչպես նաև զբոսանքի ու ֆիզիկական վարժությունների ժամերի ապօրինի կրճատումը՝ օրական սահմանված 1 ժամի փոխարեն շաբաթական ընդամենը 20–40 րոպե։ Բոլոր դիմումներն ու բողոքները մնում են առանց գրավոր պատասխանների։

Վարդանյանը հիշեցրել է նաև տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնության մասին, որը պատրաստակամություն էր հայտնել մեկնել Բաքու, հանդիպել օմբուդսմենին ու հայ բանտարկյալներին և փոխանցել հարազատների մոտ 1000 նամակներն ու անհրաժեշտ իրերը, սակայն Բաքուն այս դիմումն էլ է թողել անպատասխան։

«Կարևոր չէ, թե դեռ որքան ժամանակ կանցկացնենք Ումբակիում։ Խնդրում եմ՝ հետևեք ձեր իսկ օրենքներին»,- ընդգծել է Ռուբեն Վարդանյանը՝ առաջարկելով Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանին այցելել քրեակատարողական հիմնարկ և անձամբ ծանոթանալ տիրող իրավիճակին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում